Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվն ամեն տարի 3 տոկոսով ավելանում է
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան թիվ մեկ դիաբետ ունեցող երեխաներ: Նրանց թիվն ամեն տարի 3 տոկոսով ավելանում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:
«Այսօր ՀՀ-ում ունենք մինչև 18 տարեկան 576 երեխա, որոնք ունեն թիվ մեկ դիաբետ: Երեխաները ստանում են մեկ տեսակի բուժում, դա ինսուլինն է, որը պետք է ստանան ամբողջ կյանքի ընթացքում: Թանկ դեղամիջոց է, և պետությունն այդ բեռը վերցնում է իր վրա: Երեխաները հիմա ստանում են լավագույն ինսուլինները»,- նշեց նա:
Ելենա Աղաջանովայի խոսքով՝ հիվանդության առաջացման հստակ պատճառ չկա:
«Գիտնականները փորձում են գտնել ու բացատրել, թե ինչո՞վ է դա պայմանավորված, իսկ բացատրությունն առայժմ սա է. փոփոխվող աշխարհն է պատճառը՝ տարբեր ինֆեկցիաները, վիրուսները, որոնք շրջանառության մեջ են ամբողջ աշխարհում: Դեր ունի նաև սթրեսը. այն ազդում է և մոր, և պտղի վրա: Թիվ մեկ դիաբետը զարգանում է այն դեպքում, երբ կան որոշակի գեների մուտացիաներ, որոնք ամենաքիչը երեքը պետք է լինեն:
Սա մենք անվանում ենք ժառանգական նախատրամադրվածություն: Սրա ֆոնի վրա էկոլոգիական, արդյունաբերական գործոնները և այն, թե ի՞նչ է ուտում հղի կինը, ի՞նչ է ուտում երեխան, նշանակություն ունեն»,- մանրամասնեց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչը:
«Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանն էլ ասաց, որ կա ինսուլինային պոմպ, որն իր կարևորությունն ապացուցել է արդեն:
«Այն շատ կարևոր է ապագա մայրերի համար: Աղջիկս պոմպ էր կրում, ինչի շնորհիվ կարողացավ մայր դառնալ: Հայաստանում ամեն տարի ծնվում է 40.000-45.000 երեխա: Մենք ստույգ գիտենք, որ նրանցից 4-5-ը մինչև 18 տարեկանը պարտադիր հիվանդանալու են: Ցավոք, այսօր հնարավոր չէ կանխարգելել դիաբետը, չկա արմատային բուժում: Այսօր չունենք ապահովագրական համակարգ՝ ոչ պարտադիր, ոչ էլ կամավոր: Ուստի մեր ազգին կոչ եմ անում դրսևորել նվիրելու և կիսվելու հատկություն: Մեր հիմնադրամի նպատակն է՝ հնարավորություն տալ երեխային՝ օգտվել բժշկական գիտության վերջին նորարարություններից՝ մեր դեպքում՝ ինսուլինային պոմպերից:
Ծրագրում ենք առաջիկա 5-6 տարիներին դիաբետով երեխաներին հնարավորություն տալ անվճար ունենալ թե՛ պոմպը, թե՛ դրա ծախսատար և ամենամսյա պարագաները: Բժշկական շուկայում պոմպը 3000-6000 դոլար է, իսկ ամեն ամիս ծախսը 70.000-250.000 դրամ է: Ամեն ընտանիք հնարավորություն չունի այդ գումարները հատկացնել: Պետությունն էլ չի կարող, չունի այդ հնարավորությունը: Իսկ մենք կարող ենք, պարզապես ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ»,- նշեց Սահակ Դաշյանը՝ հայտնելով, որ հիմնադրամը վերջերս է ստեղծվել:
«Իմ երեք երեխաներից երկուսն ունեն շաքարային դիաբետ, բայց չկա չարիք՝ առանց բարիքի: 1992թ. երբ Ֆրանսիայում էի գործուղման, նրանք հիվանդացան, իսկ այսօր լավ վիճակում են, կարիք չունեն որևէ բանի: Կուզեի, որ այդպես բոլոր երեխաները լինեին»,- նկատեց Սահակ Դաշյանը:
Անի Կարապետյան