«Այդ ինչպե՞ս էր տիկին Փոստանջյանը թույլ տալիս, որ ինձ վրա հարձակվեին դանակներով, փորձեին մեքենայի տակ գցել, եթե «Երկիր Ծիրանիի» անդամ չէի». Մարինա Խաչատրյան
«Մարինա Խաչատրյանը մեր կուսակցության անդամ չի եղել: Մենք նրան վերցրել ենք՝ որպես բժշկուհի, որպեսզի քաղաքապետարանում կարողանա այդ ոլորտը լավագույն ձևով ներկայացնել: Բոլոր նրանք, ովքեր դիմումներ էին ներկայացրել, իրենց թվացել է, թե կուսակցության անդամ են: Փորձաշրջանը չանցած՝ հայտնում էին, թե դուրս են եկել կուսակցությունից: Պետք է գիտակցեն, որ քաղաքականության հիմքում սկզբունքներն են, գաղափարախոսությունն ու ծրագրերը»,- նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Մարինա Խաչատրյանն ասաց. «Անկեղծ ասած՝ ինչքան որ ես գիտեմ, եղել եմ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, քանի որ դիմում եմ ներկայացրել: Համաձայն իրենց կանոնադրության՝ երեք ամիս փորձաշրջան է, որը, կարծում եմ, անցել եմ: Որևէ խոսակցություն տեղի չի ունեցել այն մասին, թե գիտես՝ դու կուսակցության անդամ լինել չես կարող: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանիի» կանանց խորհրդի անդամ էի, և եթե այդպես չի եղել, ապա այդ ինչպե՞ս եմ մասնակցել տարբեր ակցիաների, ինչպե՞ս էր տիկին Փոստանջյանը թույլ տալիս, որ ինձ վրա հարձակվեին դանակներով, փորձեին մեքենայի տակ գցել:
Եթե այդպես է նա վերաբերվել ինձ, ով նվիրված անձնավորություն է, ապա պետք է իր կողքին կանգնած մարդիկ լուրջ մտածեն՝ արդյո՞ք տիկին Փոստանջյանն իրենց չի օգտագործում և վաղը չի կանգնի ու հայտարարի, որ պարզապես անցորդներ են եղել ու կուսակցության անդամ չեն հանդիսացել: Իսկ ես, եթե կուսակցության անդամ չեմ եղել, երևի անկուսակցական եմ եղել»:
Հարցին՝ նա տեղյակ եղե՞լ է, որ իրեն, Փոստանջյանի խոսքերով՝ «Վերցրել են՝ որպես բժշկուհի, որպեսզի քաղաքապետարանում կարողանա այդ ոլորտը լավագույն ձևով ներկայացնել», պատասխանեց.
«Ես առարկա կամ կենդանի չեմ, որ վերցնեն, այլ հարց է, որ կարող էին հրավիրել: Նշեմ, որ չեն էլ հրավիրել, անձամբ եմ մոտեցել՝ օգնություն առաջարկելու: Բացի այդ՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հորդորել եմ վերստուգել, վերահսկել Քաղաքապետարանի առողջապահական ոլորտը, սակայն դրան ընթացք չի տրվել՝ նշելով, որ դրա ժամանակը չէ: Այսինքն, եթե ես որպես բժիշկ էի այնտեղ ներկա, ապա ինչո՞ւ են իմ առաջարկները, հորդորները մնացել անպատասխան կամ «թույլ չեն տվել», որ այդ գործողությունն իրականացնեմ»:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից դուրս գալու որոշմանը, Մարինա Խաչատրյանը նշեց.
«Կար սկզբունքների տարբերություն: Ես թույլ չեմ տա, որ իմ սկզբունքները ոտնատակ տան, բացի այդ՝ մենք քանդել ենք այն համակարգը, որը գոյություն ուներ մինչև հեղափոխությունը: Հիմա պետք է կառուցենք նորն ու ամուրը: Այս պահին ես այդ գործին եմ լծվել: Հույս ունեմ, որ կստացվի»:
Անի Կարապետյան