
«Մարինա Խաչատրյանը մեր կուսակցության անդամ չի եղել, մենք նրան վերցրել ենք՝ որպես բժշկուհի». Զարուհի Փոստանջյան

«Մարինա Խաչատրյանը մեր կուսակցության անդամ չի եղել: Մենք նրան վերցրել ենք՝ որպես բժշկուհի, որպեսզի քաղաքապետարանում կարողանա այդ ոլորտը լավագույն ձևով ներկայացնել: Հավանաբար, իր կարգավիճակը լավ չէր գիտակցել, այնուամենայնիվ, բոլորին մաղթում ենք հաջողություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ կուսակցության շարք ներգրավվելու համար իրենք անցկացնում են փորձաշրջան, որովհետև կանոնադրությամբ այդպես է:
«Բոլոր նրանք, ովքեր դիմումներ էին ներկայացրել, իրենց թվացել է, թե կուսակցության անդամ են: Փորձաշրջանը չանցած՝ հայտնում էին, թե դուրս են եկել կուսակցությունից: Պետք է գիտակցեն, որ քաղաքականության հիմքում սկզբունքներն են, գաղափախոսությունն ու ծրագրերը»,- նշեց կուսակցության հիմնադիրը:
Զարուհի Փոստանջյանը հերքեց նաև տեղեկությունները, թե իրեն առաջարկել են հանդես գալ «Իմ քայլը» դաշինքում:
«Երբեք կեղծ օրակարգերին չենք աջակցել»,- ասաց նա:
Նա հայտնեց նաև, որ համագործակցության առաջարկ չի եղել նաև «Սասնա ծռերի» կողմից:
«Չկա մի ուժ, որի հետ կհամագործակցենք»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:
Անի Կարապետյան