
Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Խաշկոջիի սպանության մեղավորների համար

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը կպնդի, որ մահապատժի դատապարտվեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեղավորները: Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Շալան աշ Շալանը: Հեռարձակումը վարել է Sky News Arabia հեռուստաալիքը։
«Մենք մահապատիժ կպահանջենք այն հինգ մեղադրյալների համար, ովքեր հրաման են տվել սպանելու Խաշկոջիին, եւ կատարողների համար,- ասել է նա:- Խաշկոջիի գործով մեղադրանքներ են առաջադրված 11 մարդու, հետաքննության շրջանակներում ընդամենը ձերբակալվել է 21 մարդ»:
Գլխավոր դատախազությունում հավաստել են, որ Խաշկոջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում, ինչից հետո նրա «մարմինն անդամատվել է եւ դուրս բերվել դիվանագիտական համալիրի սահմաններից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: