«Կա որոշակի սահման, որից այն կողմ կատարվող ներդրումները չեն կարող ազդել սակագնի վրա». ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն
ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսօր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրն առաջիկա տարիների համար: Ըստ նրա՝ առաջիկա 5 տարիներին կորուստների մասով ընկերությունը որևէ պահանջ չի ներկայացնելու, հետո սակագնում կորուստների մակարդակն աստիճանաբար նվազեցնելու է՝ մինչև 6.4%: Այժմ սակագնում հաշվարկված է 11.03% կորուստ, սակայն իրական կորուստները 9% է:
Նրա խոսքով՝ կա որոշակի սահման, որից այն կողմ կատարվող ներդրումները չեն կարող ազդել սակագնի վրա: Հարությունյանը նշեց, որ այսօր էլեկտրաէներգիայի սակագինը 39.9 դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ-ն), որից 11.6 դրամը կամ 29.2%-ը ՀԷՑ-ի շահույթն է: Ներկայումս ընկերությունն ունի 7806 աշխատակիցներ, 2025 թ.-ից հետո այդ թիվը կնվազի մինչև 6706: Ընկերության ղեկավարը վստահեցրեց, որ ներդրումային ծրագրերի արդյունքում կունենանք տեխնիկական բոլոր պարամետրերով հագեցած ցանց: Ըստ նրա՝ այս տարի Հայաստանն էներգետիկ առումով ՀԲ-ն գնահատել է 17-րդ տեղում, մինչդեռ նախկինում ՀՀ-ն 100-րդ տեղում էր:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, եթե ՀԷՑ-ը գնում է 21 դրամով, վաճառում 46 դրամով, ինչո՞ւ ընկերությունը չի վճարում իր սեփական ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց:
Հարությունյանը պատասխանեց, որ դա կարգավորվում է ենթաօրենսդրական ակտերով:
«Ինչի՞ չեք ձեր շահույթից ներդրում անում, ինչի՞ եք մեզնից դա գանձում»,- հարցրեց Աղազարյանը:
Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում ներդրումները փոխհատուցվում են վաճառքից, դա տնտեսագիտական նորմ է:
«Ձեր աշխատավարձի բացարձակ չափն ինչքա՞ն է»,- հետաքրքրվեց պատգամավորը:
«Չեմ ուզում ասել, բայց նոր թիմի գալուց հետո թոփ մենեջերների աշխատավարձերը նվազեցվել են, նվազագույնը՝ ավելացվել, իսկ միջինը նույնն է մնացել՝ 200 հազար դրամ»,- պատասխանեց Հարությունյանը:
Նա հաստատեց Աղազարյանի տեղեկությունը, որ վերջերս ընկերությունը երկու խոշոր գույք է օտարել՝ Փեթակի մոտ և Էրեբունիում, և տեղեկացրեց, որ կատարվել է օպտիմիզացիա, որը որևէ կերպ որևէ ազդեցություն չունի իրենց ծախսերի վրա:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ պետությունն իրավասու է շահույթի առավելագույն չափ սահմանել, որքան էլ մասնավորեցման պայմանագրում դա նշված չէ: Նրա համոզմամբ՝ արտադրող կայանների և սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի գների տարբերության, նաև արտադրող կայանների մեջ ռեզերվներ կան, որ սակագինը նվազեցվի: