Բաժիններ՝

«Դեպի Տիեզերք» խորագրով ցուցահանդես՝ Բյուրականի աստղադիտարանում

ՀՀ ԳԱԱ Վիկտոր  Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 10-ը կցուցադրվեն Վարդան Պետրոսյանի լուսանկարչական աշխատանքները:

«Դեպի Տիեզերք» խորագրով ցուցահանդեսը հիմնականում աստղագիտական է և ներառում է շուրջ 50 լուսանկար: Ցուցադրությունը նվիրված է Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին:

«5 տարի է՝ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Երկնային մարմիններից առաջինը Լուսինն եմ լուսանկարել, հետո անզեն աչքով տեսա Ծիր կաթին գալակտիկան, փորձեցի լուսանկարել: Այս ամենը գերեց ինձ, ու սկսեցի բացահայտել մնացածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանը:

Հարցին՝ արդյոք  լուսանկարիչն ունի՞ աստղագիտական գիտելիքներ, և որքանո՞վ է դա պարտադիր, Վարդան Պետրոսյանը պատասխանեց.

«Իհարկե, գիշերը լուսանկարելու համար որոշ չափով գիտելիք է պետք, որպեսզի իմանաս, թե որ լուսատուն ե՞րբ է դուրս գալիս  և մայր մտնում: Կարծում եմ՝ երկինքը լուսանկարել առանց Ծիր կաթինի՝ դատարկություն է, որովհետև այն գեղեցկացնում է աստղազարդ երկինքը, հետևաբար՝ անհրաժեշտ է իմանալ Ծիր կաթինի դիրքերի մասին՝ տարվա տարբեր եղանակներին»:

Լուսանկարչի  փոխանցմամբ՝ Բյուրականի աստղադիտարանի հետ կապն ամրապնդվել է օգոստոսի 13-ից, երբ եկել է աստղաթափը լուսանկարելու:

«Բյուրականը տեղանքային առումով շատ հարմար է, աստղազարդ երկինքն ավելի արտահայտիչ է երևում, ուստի փորձեցի այնտեղից աշխատել:  Հաջողվեց մեկ լուսանկարում երկու ընկնող աստղ ֆիքսել: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեսել էր նկարը, հավանել ու առաջարկել էր այստեղ ցուցահանդես կազմակերպել»,- նշեց Վարդան Պետրոսյանը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն իր հերթին՝  շնորհավորեց լուսանկաչին և անակնկալ մատուցեց՝ նվիրելով խոշորագույն 2.6 մ դիտակի շենքը  պատկերող գեղեցիկ հուշանվեր, ինչպես նաև խոստացավ անհրաժեշտության դեպքում աջակցել, որպեսզի նկարները ներկայացվեն նաև արտերկրում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս