Ի՞նչ կլինի, եթե Ազգային ժողովը չհաստատի բյուջեն

Օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց «2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի» նախագծին, որն առաջիկայում կդրվի Ազգային ժողովի քննարկմանը: Համաձայն Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 20-րդ գլխի, պետական բյուջեի նախագիծը նախ պետք է քննարկվի գլխադասային և մյուս մշտական հանձնաժողովների նիստերում, որից հետո՝ Ազգային ժողովի լիագումար նիստում:

Վերջին շրջանի քաղաքական զարգացումներն առաջ քաշեցին Ազգային ժողովի մի շարք խմբակցությունների և կառավարության միջև հակասություն՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ, ինչն էլ կասկածի տակ է դնում, որ 2019 թվականի բյուջեի մասին օրենքը կարող է և չհաստատվել:

Ամփոփելով վերոգրյալը, կարող ենք արձանագրել 2019 թվականի  Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի չհաստատման 2 տարբերակ: Դրանցից առաջինը՝ եթե դեկտեմբեր ամսին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ պարագայում   խորհրդարանը պետք է լուծարված լինի, ուստի ի վիճակի չի լինի որևէ օրենք ընդունել կամ քննարկել: Որպեսզի բյուջեն հաստատվի, անհրաժեշտ է, որ հոկտեմբեր ամսին բյուջեի նախագիծը մտնի հանձնաժողովներ, որպեսզի դեկտեմբերի սկզբին դրվի ԱԺ լիագումար նիստ քննարկմանն ու հաստատվի։ Արդյունքում, եթե բյուջետային գործընթացի ժամանակացույցը համեմատում ենք կառավարության կողմից մատնանշվող ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթացի ժամանակացույցի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ դեպքերի նման զարգացման պարագայում այս տարվա բյուջեն չի հաստատվի:

Բյուջեի չհաստատման մյուս տարբերակն Ազգային ժողովի կողմից համապատասխան ձայները չհավաքելն է, քանի որ այսօր կառավարությունն Ազգային ժողովում չունի մեծամասնություն: Սա թեև քիչ հավանական է, բայց, այնուհանդերձ, ամբողջովին բացառել չենք կարող:

Համաձայն բյուջետային համակարգի մասին օրենքի, մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում, մինչև այդ տարում բյուջետային միջոցների օգտագործումը կարգավորող օրենքի ընդունումը, կառավարությունն իրավասու է տվյալ տարում բյուջետային միջոցները ծախսելու` օրենսդրությամբ սահմանված նպատակներով կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին (նախորդ տարվա համար օրենքով սահմանված բաշխմամբ), շարունակել կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը:

Ընդ որում, նշված ծախսերը կարող են կատարվել, եթե դրանց ֆինանսավորման համար նախորդ տարվա պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ: Այդ դեպքում կատարվող ծախսերի չափը (բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի) չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը` եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը` ամսվա կտրվածքով: Կառավարությունն իրավասու է չֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել տվյալ տարվա բյուջեի մասին իր կազմած օրենքի նախագծում:

Նման իրավիճակ եղել է 1999 թվականին: Այն ժամանակ բյուջեն իր մեջ կտրուկ փոփոխություններ էր պարունակում, ինչը լուրջ խնդիրներ էր պարունակում ծախսերի կազմակերպման գործում: Աշոտ Խուրշուդյանն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է այդ ժամանակների դեպքերին՝ մասնավորապես նշելով. «Կտրուկ փոփոխվող բյուջեների դեպքում սա խնդրահարույց է, և այդպես էր 1999 թվականին։ Այն ժամանակ ես պնդում էի, որ չի կարելի օրենքը խախտել, որ պետք է պահել համամասնությունները, սակայն ինձ հրահանգվեց կատարել ծախսերը նոր, թեպետ՝ չհաստատված բյուջեով։ Կարճ, այս դրույթի կարիքը մեկ անգամ է զգացվել ու չի իրագործվել։ Ազնվորեն ասեմ, թեպետ դրա իրագործման ջատագովն եմ եղել, ինքս էլ հասկացել եմ, որ աբսուրդ է այն այդպես օգտագործելը։ Այն իրագործելը հավասարազոր է ամերիկյան government shutdown սխեմային, ու ինձ թվում է, որ Հայաստանը պատրաստ չի սրան»։

Վերադառնալով 2019 թվականի բյուջեին, պետք է նշենք, որ այն ըստ էության նախորդ տարվանից էական չի տարբերվում, և ծախսերի համամասնական կիրառումն ըստ էության կարող է դիտարկվել՝ որպես իրավիճակից ելք, սակայն կառավարությունն այս պարագայում խնդիրներ կունենա կապիտալ ծախսերի իրականացման գործում: Դրանից բացի, նման իրավիճակի ստեղծումը հետագայում լուրջ խնդիրներ է ստեղծելու ծախսերի կատարման, բյուջեի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հարցում, ինչն էական խնդիրների պատճառ կարող է դառնալ:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս