Ադրբեջանի՝ Հայաստանի հետ բոլոր հանդիպումները ժամանակ շահելու միջոց է՝ պատերազմի նախապատրաստվելու համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այսօր Նյու Յորքում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում։
Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպման սպասելիքներին՝ նկատեց, որ չպետք է հույսեր փայփայել, որ այս հանդիպումը կարող է Ադրբեջանին հետ կանգնեցնել իր ռազմատենչ որոշումներից, որոնք նա փորձում է իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ։
Ըստ նրա, Ադրբեջանի համար Հայաստանի հետ բոլոր հանդիպումներն ընդամենը ժամանակ շահելու միջոց են, որպեսզի տենդագին նախապատրաստվի նոր ռազմական ագրեսիայի։
«Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններից ու նրա կողմից տարվող քաղաքականությունից արդեն պարզ է դառնում, որ այդ երկիրը նախապատրաստվում է պատերազմի, և այդ ամենը Հայաստանում քաջ գիտակցում են։ Կարծում եմ, եթե այս անգամ Ադրբեջանը փորձի կիրառել ռազմական ագրեսիա, այնպես, ինչպես 2016 թվականի ապրիլին էր, ապա այս անգամ կստանա ջախջախիչ հարված։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ հանդիպումների մասնակցում են այս թվացյալ խախաղության ժամանակը երկարաձգելու համար»,- ընդգծեց Գ. Այվազյանը։
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը երբեք չի դիտարկում Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նա իրատեսական չի համարում, որ առաջիկայում կարող է Արցախի հարցի բանակցային գործընթացն ակտիվանալ, որքան էլ հանդիպումներ տեղի ունենան երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների մակարդակով։
Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀՀ անկախության տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքի բովանդակությունից, այն է, որ առաջիկա ամիսների ընթացքում Արցախի հարցի կարգավորման համար բացվում են նոր հեռանկարներ, և այն համեմատելով մայիսին Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորանքի բովանդակության հետ, Գրիգորի Այվազյանն ընդգծեց, որ այստեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ ակնհայտ երևում է, որ ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել երկու երկրների վրա՝ Արցախի հարցը շուտափույթ լուծելու համար։
«Մենք տեսնում ենք, որ Արցախի հիմնահարցի հետ կապված՝ մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը, և վերջինս ցուցաբերում է մեծ ջանքեր հարցի խաղաղ լուծման հասնելու համար, ուստի ԱՄՆ-ը ցուցաբերում է «խանդ», քանի որ այդ դեպքում իր դերը նվազում է»,- եզրափակեց ադրբեջանագետը։
Ի դեպ, հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նույնպիսի շնորհավորական ուղերձ էլ հղել էր մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ, Իլհամ Ալիևին, որում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող հատվածը գրեթե ամբողջությամբ նույն բովանդակությունն ուներ։
Զվարթ Խաչատրյան