ԱՄՆ-ը մերժեց բոլոր հնարավոր հանդիպումները
Ինչպես նախապես տեղեկացրել էինք ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսվող այցն ԱՄՆ չի ունենալու հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ։
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով։
Փաշինյան-Թրամփ հանդիպումը մերժվել էր վաղօրոք, մերժվել էր նաև փոխնախագահ Մայքլ Փենսի հետ նրա հանդիպումը։
168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ ամերիկյան կողմը նպատակահարմար չի համարել նաև ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան-ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո հանդիպումը, ինչն էլ ամբողջությամբ զրոյացրել է այցի ընթացքում հայ-ամերիկյան քաղաքական օրակարգը։
Ի դեպ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ինքն էլ օրերս կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում տեղի չի ունենա:
168.am-ի նույն աղբյուրների հավաստմամբ՝ ԱՄՆ-ի կողմից նման վերաբերմունքի պատճառը Հայաստանի կառավարության որոշումն է, որի համաձայն՝ ՀՀ-ից մոտ 100 զինվորական ՀՀ դրոշի ներքո հումանիտար առաքելություն իրականացնելու համար կմեկնի Սիրիա։ Ամերիկյան կողմը, հատկապես՝ աշխարհաքաղաքական ներկա սրված իրավիճակում, չի կարող հանդուրժել ՀՀ իշխանությունների նման որոշումը։
Փաշինյանի այս որոշումը փորձագետները որակեցին՝ որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակնհայտ ոչ դրական վերաբերմունքն իր նկատմամբ փոխելուն միտված քծնողական քայլ, սակայն, որը կարող է անվտանգության և արտաքին քաղաքականության տեսակետից խնդիրներ առաջացնել մեր երկրի համար։
Միաժամանակ տեղեկացնենք, որ Հայաստանի Անկախության տոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը փաստացի արարողակարգային բնույթ էր կրում և շատ նման էր մայիսի 28-ին Ադրբեջանի անկախության օրվան՝ ալիևյան ուղերձին։ Մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադարձող հատվածը շնորհավորական ուղերձում գրեթե նույնն է, նույն ջերմ խոսքերով։
Այս երեք հանդիպումների տապալումն ապացուցում է, որ ուղերձը՝ ուղերձ, բայց նոր քաղաքական օրակարգ ԱՄՆ-ի հետ ՀՀ նոր իշխանություններին առայժմ չի հաջողվում ձևավորել։
Եվ ակնհայտորեն, հենց այս հանդիպումների մերժումներով էր իրականում պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի օրերի հետաձգումը։ «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի ԱՄՆ, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։Այժմ նա կմեկնի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին կմասնակցի, ելույթ կունենա և կվերադառնա։ Ուրիշ ոչինչ, քաղաքական ոչ մի օրակարգ։