Իրանի հետ համաձայնագիրը նպաստում է անվտանգությանը, այդ թվում՝ Եվրոպայում. Հայկո Մաաս
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցները պետք է շարունակեն համաձայնագրի պահպանմանն ուղղված աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, որի խոսքը Twitter-ում մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Անտարակույս, Վիեննայի միջուկային համաձայնագիրը նպաստում է ավելի մեծ անվտանգությանը ինչպես մերձավորարեւելյան տարածաշրջանում, այնպես էլ մեզ մոտ՝ Եվրոպայում: Ճիշտ կլիներ պահպանել այդ հաջողությունը, որը բազմամյա ու լարված դիվանագիտական աշխատանքի արդյունք էր»,- ասել է նախարարը: Մաասը նշել է, որ, չնայած ԱՄՆ-ի դիրքորոշմանը, հարկավոր է շարունակել առեւտուրն Իրանի հետ:
«Եվրոպական գործընկերների հետ միասին մենք լրջորեն աշխատում ենք այդ թեմայի շուրջ»,- հավելել է ԳԴՀ-ի ԱԳ նախարարը: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, սեպտեմբերի 24-ին վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը, ինչի մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարության մեջ:
Բացի այդ, փաստաթղթում, որը նիստի ավարտին ընթերցել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ընդգծվում է, որ իրանական կողմն ամբողջությամբ կատարում է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ նիստի մասնակիցները հաստատեցին Իրանի հետ գործարար կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են նաեւ Իրանի կողմից նավթի ու գազի արտահանմանը: ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում նիստի մասնակիցներն անհրաժեշտ են համարել ապահովել Իրանի հետ գործարար կապեր իրականացնող ընկերությունների պաշտպանությունը:
Այդ պայմաններում, ինչպես հայտարարել է Մոգերինին, անհրաժեշտ է ստեղծել Թեհրանի հետ ֆինանսական հաշվարկների մեխանիզմ: Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն արդեն ստեղծել են նման մեխանիզմ, եւ հուսով են, որ մյուս պետությունները կմիանան նրան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել էԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: