Հայաստանի մանևրելու դաշտը նեղացել է. ռուս քաղաքագետ

«Շատ տեղեկություններ չկան այդ ծրագրի մասին: Ամեն դեպքում կարծում եմ` պատահական չէ շրջանառության մեջ դրվել տեղեկությունը, թե բժիշկներ են մեկնելու Սիրիա, սակրավորներ և այլք: Ըստ իս, խոսքը նաև մեծ կոնտինգենտի մասին չի լինելու, սա սիմվոլիկ աջակցություն է լինելու Ռուսաստանի համար, որը ՀՀ իշխանությունները մշակել են Ռուսաստանին հավատացնելու իրենց նվիրվածությունը հայ-ռուսական հարաբերություններին՝ իմանալով, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները մշտապես կարևոր թեմա են եղել ՌԴ-ի համար, ՀԱՊԿ-ում է քննարկվել ՌԴ-ին աջակցելու թեման, որին ՀԱՊԿ մյուս անդամ երկրները չեն համաձայնել: Այսինքն` սա այն թեման է, որի ուղղությամբ Հայաստանի պատրաստակամությունը ՌԴ-ն գնահատելու է: Բայց ես տեղեկություններ չունեմ, թե ով  է այս նախագծի հեղինակը, կարող եմ միայն ենթադրություններով առաջնորդվել»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով տեղեկություններին, թե հայ-ռուսական հումանիտար նախագիծը  ենթադրում է ռազմական մասնագետների մարդասիրական աշխատանք Սիրիայում:

Ըստ Մալաշենկոյի` չի բացառվում, որ նախաձեռնողը ռուսական կողմն է, և քանի որ Հայաստանի մանևրելու դաշտը նեղացել է հայ-ռուսական հարաբերությունների վերջին խնդիրների պատճառով, Հայաստանը դրանից չի հրաժարվել: «Ենթադրությունները շատ կարող են լինել: Վարկածներից մեկը կարող է այն լինել, որ սա ռուսական նախաձեռնություն է ՀԱՊԿ-ում խորքային բարեփոխումների իրականացման խորապատկերին»,- ասել է նա:

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Ուվե Հակբախն ասել է, որ Հայաստանի նման երկրի համար վտանգավոր է ներքաշվել նույնիսկ նման գործողությունների մեջ  մի ժամանակահատվածում, երբ իրավիճակը ամենևին էլ խաղաղ չէ, երբ Ռուսաստանը, Թուրքիան բազմաթիվ նոր ուժեր են տեղափոխել Սիրիա, երբ պայթյուններ են տեղի ունենում սիրիական ավիաբազայի մոտ, ըստ էության՝ նաև ռուսական ուժերի դեմ:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս