«Քաթար Էյրվեյզ» ընկերությանը գույքային վնաս է հասցվել. քրեական գործ է հարուցվել
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Նյութերին նախապատրաստմամբ պարզվել է, որ 2016թ. մայիսի 10-ին «Զվարթնոց Հենդլինգ», «Կոլբոր Ասեթ Մենեջմենթ» և «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղ» ընկերությունների միջև կնքվել է ծառայությունների մատուցման
պայմանագիր: Համաձայն վերջինիս՝ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն պարտավորվել է ամսական 13888 ԱՄՆ դոլար վճարել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը՝ «Քաթար Էյրվեյզ» ընկերության կանոնավոր չվերթների տոմսերի ավելացմանն ուղղված մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար: Պարզվել է, որ նշված ընկերությունների համապատասխան աշխատակիցներն իրավասու չեն եղել կնքելու նշված պայմանագիրը՝ առանց «Քաթար Էյրվեյզ» ընկերության գիտության և
թույլտվության: Առկա են տվյալներ, որ «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղի» նախկին տնօրենը պայմանագիրը կնքելու փաստը թաքցրել է «Քաթար Էյրվեյզ» ընկերությունից, քանի որ անձնական բիզնես շահեր է ունեցել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությունում:
2016թ. մայիսից մինչև 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունը համապատասխան հարկային հաշիվների հիման վրա «Կոլբորն Ասսեթ Մենեջմենթ» ընկերությանը վճարել է 242.335 ԱՄՆ դոլլարին համարժեք 116.440.103 ՀՀ դրամ գումար, սակայն կատարված աշխատանքների վերաբերյալ կատարողական ակտեր չեն կազմվել, աշխատանքները կատարելու հանգամանքը որևէ կերպ չի հիմնավորվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, «Քաթար Էյրվեյզ» ընկերությանն առերևույթ գույքային և գործարար համբավին վնաս պատճառելու մասին, դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,
հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: