Ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե տոկոսադրույքների իջեցման կտրուկ շոկ լինի. Աշոտ Խուրշուդյանի վերլուծությունը (գծապատկերներ)
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն անդրադարձել է ԿԲ տոկոսադրույքի և փոխարժեքի փոխկապակցվածության, ինչպես նաև՝ Հայաստանում գյուղմթերքի գների թեմային։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ։
* * *
Վաղեմի ընկերոջս՝ Աշոտ Մկրտչյանին մի օր հարցրեցի, թե ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե տոկոսադրույքների իջեցման կտրուկ շոկ լինի։ Մինչ պատասխանը նշելը, ասեմ, որ Աշոտի գիտական թեզն է՝ «ՀՀ տնտեսության համար գնահատված դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդելը», նա առաջինն է նման աշխատանք կատարել Հայաստանում։ Աշոտը, թե՝ ինչի՞դ է դա պետք։ Ասացի, որ հետաքրքիր է, Կենտրոնական բանկում առկա մոդելում մուտքագրեք շոկը, տեսնենք արդյունքները։ Աշոտն ասաց, որ դժվար չի դա անել, բայց կարող է պատասխանը միանգամից ասել՝ դրամը միանգամից կարժեզրկվի։
Այս խոսակցությունը հիշեցի, երբ զննում էի Թուրքիայում խորացող ֆինանսական ճգնաժամը։ Երկու գրաֆիկ եմ պատրաստել, որով կցուցադրեմ ասելիքս։
Ուրեմն չգիտեմ թե ինչպես, Էրդողանի ականջին երևի հասել է, որ ցածր տոկոսադրույքները լավ բան են։ Կամ քեյնսյան մակրոտնտեսագիտություն է կարդացել, IS-LM մոդելին է տիրապետում … Կարևոր չի, դրանք, այսպես ասած, դասագրքային հիմնային գիտելիքներ են։ Ու ինչքան էլ ասենք, որ տնտեսագիտությունը ֆիզիկայի նման է, ու մեկ գործոնը բավար չէ, ամբողջական մոդելն է պետք դիտարկել, ու ում էլ ասենք, հաստատ Էրդողանին հազարումի խելոքներ այսքանը չեն կարողացել համոզել։ Այդ մարդը կուրորեն հավատում է ցածր տոկոսադրույքի քաղաքականությանը, այն մտցրել է գլուխը ու տարիներ շարունակ Թուրքիայի Կենտրոնական բանկին ստիպել է նման քաղաքականություն վարել։
Գրաֆիկում կապույտ ուղիղ գիծը հենց ցույց է տալիս այդ քաղաքականությունը։ Դե մարդը լսել է, որ ցածր տոկոսադրույքը նշանակում է էժան մատչելի փող, նշանակում է ներդրումների աճ … Ահա, բարլուս, բա մնացա՞ծ հետևանքները։ Նարնջագույնով ներկայացված է լիրա-դոլար փոխարժեքը, որը չորս տարվա ընթացքում երեք անգամ արժեզրկվել է։ Իսկ մոխրագույնով երևում է սպառողական գների ինդեքսը, որը նույնպես բարձրանում է։
Իսկ կա՞ն երկրներ, որ նման բան են անում։ Այո, կան, օրինակ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ցածր տոկոսադրույքի քաղաքականություն, սակայն՝ ի հաշիվ նավթային ռեզերվների։ Այսինքն, որպեսզի փոխարժեքը չարժեզրկվի, վաճառում է իր ռեզերվները։ Հենց այդպես էլ վարվել է Ռուսաստանը, սակայն նույնիսկ Ռուսաստանում ԿԲ-ն ավելի անկախ է, և ճգնաժամերի ժամանակ փոխում է այդ քաղաքականությունը, որպեսզի մեծ ցնցումները չվատթարացնեն երկրի երկարաժամկետ դիրքը։ Իսկ Թուրքիայում, տարիներ շարունակ Էրդողանն է թելադրել դրամավարկային քաղաքականությունը, ու չի թողել տոկոսադրույքը փոխել նույնիսկ ֆինանսական ցնցումների ժամանակ։ Որ գուգլեք, կգտնեք, հղումը՝ http://bfy.tw/Jcyk։ Ինչպես տեսնում եք գրաֆիկից, երբ վերջին ամիսներին բանը-բանից անցավ, նոր թույլատրվեց բարձրացնել ԿԲ տոկոսադրույքը։
Երկրորդ գրաֆիկում այս պահը ցուցադրել եմ. եթե նայեք փոխարժեքի թռիչքի առաջին պիկին /մայիսի 21-ից/, ապա կտեսնեք որ հունիսի մեկին անմիջապես բարձրացնելով տոկոսադրույքը, Կենտրոնական բանկին հաջողվում է կառավարել փոխարժեքը։ Բայց փոխարժեքը կայուն է մնում մինչև օգոստոսի սկիզբ, որից հետո, արդեն քաղաքական պատճառներով (ԱՄՆ սանկցիաներ) լիրան կրկին կտրուկ արժեզրկվում է՝ հասնելով մինչև 6.9 լիրա մեկ դոլարի դիմաց։
Այս անգամ Թուրքիայի կենտրոնական բանկը թուլացնում է բանկերի պահուստավորման նորմատիվները Լիրայի ու արտարժույթով պարտավորությունների համար, որ բանկերը արտարժույթ ունենան ու կարողանան հաղթահարել արտարժույթի պահանջարկը։ Բայց դե սա էլ այլ բացասական հետևանքներ ունի։ Իսկ թե ինչով է վատ բացասական իրական տոկոսադրույքը՝ այլ թեմա է։
Բայց այս ամենը Թուրքիայի համար չգրեցի։ Թուրքիան օրինակ բերեցի, թե ինչով է վտանգավոր ԿԲ-ի անկախության դեմ մարտնչելը։ Խորհրդակցել, բանակցել, քննարկել, բանավիճել, քննադատել՝ խնդրեմ։ Սակայն երբ կառավարությունները սկսում են թելադրել ու պարտադրել, ապա լավ բան չի ստացվում։
Հիմա գամ մեզ։ Գում-ի շուկայում արձանագրված գների անհիմն բարձր լինելը, թվում է, թե պիտի դրդի Կենտրոնական բանկին միջամտել իր քաղաքականությամբ։ Սակայն, եկեք արձանագրենք. Գում-ի գները մյուս բոլոր գյուղատնտեսական շուկաներից ամենաբարձրն են։ Կենտրոնական բանկը չի կարող այնպիսի դրամավարկային քաղաքականություն վարել, որ Գում-ի շուկայի գներն իջնեն, իսկ մյուսներինը մնան անփոփոխ։ Եթե ԿԲ-ն միջամտի, ապա պիտի նվազեցնի համախառն պահանջարկը /ուրիշ ձև չկա/, որի համար կբարձրացնի տոկոսադրույքը, արդյունքում, բոլոր գյուղատնտեսական ու նաև այլ ապրանքների ու ծառայությունների գները նույնպես կիջնեն, վերջնարդյունքում գյուղացիները, այս գյուղատնտեսական սեզոնին /իսկ աշնանից սկսվում է աշնանային մրգի սեզոնը/ ստիպված ավելի էժան են իրացնելու իրենց ապրանքները։ Հա, ձեռքի հետ էլ վարկերի տոկոսները կբարձրանան։
Իսկ ինչու՞ են գները սովորականից բարձր։ Զարմանում եմ, որ ոչ-ոք չասաց, որ այս տարի, կլիմայական պատճառներով բերքահավաքը համարյա կես ամիս շուտ է սկսվել։ Այդ իսկ պատճառով գյուղատնտեսական ապրանքների սեզոնային հիմնական մուտքը շուկա հունիսից է սկսվել։ Չի կարող կտրուկ ավելի շատ բերք հավաքվել. եթե շուտ է սկսվել վաճառքը, շուտ էլ կավարտվի՝ քանակը նախորոք պլանավորված է/կանխորոշված է։ Այսպես, այս տարվա հունիսին գյուղատնտեսական արտադրանքը նախորդ տարվա հունիսից 14 տոկոսով ավելին է եղել, իսկ արդեն հուլիսի աճը՝ միայն 2.1 տոկոսով։ Չեմ զարմանա, եթե օգոստոսին գյուղատնտեսության անկում արձանագրվի՝ թեպետ եռամսյակը կամփոփենք աճով։
Երկրորդ, Գում-ի շուկան ինչ-որ առումով դարձել է տուրիստներին տանելու վայր, իսկ այս ամիսը հենց տուրիստային է։ Այնտեղի վաճառողները ոչ միայն միրգ ու բանջարեղեն են վաճառում, այլ հաճախ նույնը վաճառում են որպես «սուվենիր»։ Իհարկե, եթե միայն տուրիստներ գնային Գում, ապա գները անհամեմատելի ավելի բարձր կլինեին։ Ու այս գործոնը ազդում է կոնկրետ այդ շուկայի գների վրա /ինչպես նաև Կենտրոնի մթերքների գների վրա/։
Սեզոնային ապրանքները ահա այսպիսի հատկություն ունեն, մեկ կուզեն շուտ կհայտնվեն, գները կտրուկ կբարձրացնեն կամ էլ կիջեցնեն։ Որպեսզի չխաբվենք սեզոնայնությամբ, Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող բնականոն գնաճին պետք է հետևենք, որտեղ չկան սեզոնային ապրանքներն իրենց գնային տատանումներով։ Հուլիսի դրությամբ այն 4.2 տոկոս է /այս հուլիսի գները բարձր են նախորդ տարվա հուլիսի գներից այդքանով/։ Նորմայի մեջ է և նույնիսկ ցածր է՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվա գների աճը եղավ չորրորդ եռամսյակում, սա լավ է երևում ամիս ամսվա վրա գնաճով, որի գրաֆիկը կցված է։ Միջամտել պետք չի։ Իսկ թե ի՞նչ անել սեզոնային ապրանքների գների հետ, լրիվ այլ քննարկում է։