
Juno զոնդը Յուպիտերի նոր բացառիկ լուսանկարներ է ուղարկել Երկիր

Juno միջմոլորակային զոնդը Երկիր է ուղարկել Յուպիտերի նոր լուսանկարներ, որոնք ստացվել են հսկա մոլորակին վերջին մերձեցման ժամանակ «բնական» գունային ընդգրկույթի բացառիկ ռակուրսով: Այդ մասին հայտնել է NASA-ն:
Juno զոնդը, որը 2011 թվականի օգոստոսից ի վեր երկար հինգ տարիներ թռչում էր դեպի Յուպիտեր, անցյալ տարվա հուլիսին մերձեցել է հսկա մոլորակին եւ դուրս եկել դրա շուրջը կայուն ուղեծիր: Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակի հետ Juno-ի վերջին՝ թվով 12-րդ մերձեցումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի սկզբին, երբ զոնդը հերթական անգամ անցել է Յուպիտերի մակերեւույթից 17 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Երբ զոնդն սկսել է հեռանալ մոլորակից, կարողացել է այն լուսանկարել եզակի ռակուրսով՝ դրան նայելով «ներքեւից», ինչը նրան թույլ է տվել Մեծ կարմիր բիծը՝ Յուպիտերի հասարակածում «հավերժական» փոթորիկը, «տեղաշարժել» գազային հսկայի վերին մաս:
Դա, ինչպես նշում են NASA-ում, թույլ է տալիս այդ փոթորիկը համեմատել մոլորակի հարավային բեւեռի մոտ մոլեգնող մյուս փոթորիկների հետ, որոնք կարելի է տեսնել լուսանկարի ստորին մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: