Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցում Պետդումայի պատվիրակության հետ հանդիպումից
ԱԺ «Ելք» խմբակցության անդամների և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության՝ Երևանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք հայտնել են դիրքորոշում՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ճանապարհով։
«Քննարկեցինք ու մեր դիրքորոշումը ներկայացրինք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Ասացինք, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն հունով: Մենք տրամադրված ենք աշխատանքային, համբերատար պայմաններում քննարկել բոլոր հարցերը, գալ լուծումների»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող ցույցերին ՌԴ պատգամավորների դիրքորոշմանը, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ նրանք դրական են գնահատում այդ փաստն ու ժողովրդի ոգևորությունը: «Մենք էլ հավաստիացրեցինք, որ ինչ ասել ենք հրապարակային, դա իրականություն է, այս համատեքստում Ռուսաստանի դեմ որևէ դավադրություն չկա, մեր շարժման մեջ որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա: Հայ-ռուսական բարեկամությանը ոչինչ չի սպառնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: