Փաշինյանը «Սասնա ծռերի» հարցում բարդ դրության մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հասարակության մի շերտ, որոնք համակրում են «Սասնա ծռերին» ու նրանց քայլը ճիշտ համարում, հայտարարում են, որ լիարժեք իշխանափոխությունից հետո «Սասնա ծռերը» պիտի ազատ արձակվեն։

Այդ մարդիկ մասնակցում էին Փաշինյանի հրավիրած հանրահավաքներին եւ պաստառներով ու վանկարկումներով հանդես գալիս՝ հօգուտ «Սասնա ծռերի» ազատության։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, բավականին բարդ դրության մեջ է, նա իր մոտեցումներով բազմիցս ցույց է տվել, որ առանձնապես կողմնակից չէ «Սասնա ծռերի» արարքներին ու զենքով հարցեր լուծելու մեթոդներին եւ չի համակրում նրանց։

Այդ էր պատճառը նաեւ, որ «Սասնա ծռերին» հարող «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամներին Փաշինյանն այդպես էլ թույլ չտվեց բարձրանալ հարթակ ու ելույթներ ունենալ՝ մտավախություն ունենալով, որ նրանք կփորձեն բռնության կոչեր անել ժողովրդին, մինչդեռ ինքը որդեգրել է բաց ձեռքերի քաղաքականությունը։ Բացի այդ՝ «Սասնա ծռերի» գործողությունների արդյունքում կան զոհեր, որը բարդացնում է իրավիճակը եւ անհնարին դարձնում նրանց քաղբանտարկյալ անվանելը։

Այս իմաստով լրիվ հասկանալի է, թե ինչու է Նիկոլը խուսափում այս հարցին ուղիղ եւ հստակ անդրադառնալուց։ Մի կողմից կա իրավական պետության հաստատման ու «Սասնա ծռերի» կատարածը, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են (շենք-շինությունների գրավում, ապօրինի զենք-զինամթերքի պահում եւ օգտագործում, պատանդառություն եւ այլն), չարդարացնելու խնդիր, մյուս կողմից՝ ժողովրդական մի ստվար զանգվածի իր դեմ չտրամադրելու հարցը։

Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարի, որ «Սասնա ծռերը» պիտի ազատ արձակվեն, կնշանակի՝ դեմ գնալ իրավական պետության կառուցման հրամայականին ու ոտնահարել Քրեական օրենսգիրքը՝ լեգիտիմացնելով ապօրինի զենքի կիրառմամբ շենք-շինությունների զավթումն ու պատանդառությունը։ Այսինքն՝ կնշանակի, որ դրանից հետո ցանկացած ոք կարող է զենք վերցնել ու որեւէ պետական հիմնարկ գրավել՝ անկախ դրա շարժառիթներից ու հայրենասիրական, ազնիվ մղումներից, եւ որեւէ պատասխանատվության չենթարկվել։

Մյուս կողմից, եթե նա հայտարարի, որ «Սասնա ծռերի» անդամները քրեական հանցագործներ են ու պիտի դատապարտվեն օրենքի պահանջներին համապատասխան, իր դեմ կհանի տասնյակ, հարյուրավոր մարդկանց, որոնք ճիշտ են համարում «Սասնա ծտերի» բռնած ճանապարհը եւ նրանց հերոսներ են համարում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս