Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը. տակտիկա՞, թե՞ համոզմունք. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր վարչապետ դառնալը նշանակելու է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն է դառնում վարչապետ, այլապես իր վարչապետությունն իմաստ չունի:
Փաշինյանի հայտարարությունը շատ կարեւոր է՝ ընդհուպ խորքային առումով կարեւոր: Սա հիմնարար խնդիր է՝ պահել քաղաքացիների վերահսկողության տակ ոչ միայն, այսպես ասած, հին կամ հեռացող իշխանությանը, մինչեւ այն լիովին հեռանա, այլ նաեւ նոր իշխանությանը՝ ժամանակավոր, թե այսպես ասած՝ մշտական:
Ավելին՝ այս խնդիրը գուցե ավելի կարեւոր է, հաշվի առնելով այն, որ նոր իշխանությունն օբյեկտիվորեն ունենալու է, այսպես ասած, զգայական տրամադրություններով թելադրված կամա, թե ակամա քարտ-բլանշի շքեղությունը:
Եվ եթե դա շատ արագ չբալանսավորվի վերահսկողական մեխանիզմներով, պատասխանատվության մեխանիզմով եւ ընդհանրապես պատասխանատվության մթնոլորտով, հանրային հարցադրումներով եւ պահանջներով, ապա նոր իշխանությունը կարող է շատ արագ վերածվել հնի կամ հասնել մի վիճակի, երբ հանրությունը, ժողովրդական խոսքով ասած, երանի կտա հնին:
Ահա այս տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իր վարչապետությունն իմաստ կունենա, եթե այն լինի փաստացի յուրաքանչյուր քաղաքացու վարչապետություն, վկայում է կարեւոր այդ խնդրի գիտակցման մասին: Իհարկե, հարց է՝ դա այդ գիտակցումով պայմանավորված տակտիկակա՞ն քայլ է, որ արվում է քարոզչական նկատառումով, թե՞ իսկապես համոզում, խորքային համոզում:
Բայց, մյուս կողմից, անկախ այս ամենից՝ խնդիրը կախված է նաեւ հասարակությունից: Եվ եթե հասարակությունը կարողանա պատասխանատու լինել իր վերահսկողական ֆունկցիայի համար նաեւ իր այսօրվա սիրելի առաջնորդի վաղվա պաշտոնեական գործառույթների հանդեպ, ապա համոզում է դա Նիկոլի համար, թե տակտիկա, այլեւս չի ունենա նշանակություն՝ նա կլինի հանրության դիրքորոշման ենթակայության տակ:
Միեւնույն ժամանակ, հանրության այդ պատրաստակամությունն ու կարողությունը նաեւ օգնություն է Նիկոլին՝ ներկայիս բարդ փուլում, մայիսի 1-ին մնացած մի քանի օրերի ընթացքում, որովհետեւ հանրությունը նաեւ նրան օգնելով պետք է պահի պատասխանատվության տակ եւ դրանով նաեւ պահի իր շարժումը: Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես բավականին բարդ է եւ պատասխանատու, ու այստեղ, իհարկե, թափը պահելը պետք է լինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հենց յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը, որովհետեւ, խոշոր հաշվով, եթե անգամ Նիկոլի հաղթանակը չլինի բոլորինը, Նիկոլի պարտությունը անկասկած բոլորի պարտությունն է լինելու:
Սա ամենեւին լավագույն, այսպես ասած, դիլեման կամ իրավիճակը չէ, սակայն գուցե այդ իմաստով հենց նման սահմանային կամ ծայրահեղացված, անելանելի, անայլընտրանք վիճակներում է առավելագույն արդյունավետությամբ աշխատում միտքն ու կամքը՝ բացելով առաջ գնալու ճանապարհը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: