«Ռուսաստանը կընդունի հայաստանյան ցանկացած իշխանության». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանը կընդունի հայաստանյան ցանկացած իշխանության: Հայաստանյան ցանկացած իշխանություն կձգտի լավ հարաբերություններ կունենալ Ռուսաստանի հետ: ՌԴ ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հասարակության ճնշող մեծամասնության մեջ կա կոնսենսուս, եւ հիմնական՝ իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայն են, որ այդ կառույցները պետք է պահպանվեն:

Հետեւաբար, այս հեղափոխությունը մեր ժողովուրդների եւ պետությունների բարեկամական կապերին ամենեւին էլ չի խանգարում եւ չի խանգարելու: Նրանք, որոնք հակառակն են պնդում, մտածում են ոչ թե մեր ժողովուրդների եւ պետությունների, այլ, այսպես ասենք՝ այլ բաների մասին: Եվ ավելին՝ այդ մարդիկ անվստահություն են սերմանում երկու բարեկամ ազգերի մեջ:

«Այս շարժումը Ռուսաստանի դեմ է» կեղծ, սադրիչ եւ վտանգավոր թեզը պաշտպանողներ կան թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնակատարներին Մոսկվա ուղարկելը եւ Պուտինի աշխատակազմից 4 տողանոց «սատարող» հայտարարություն կորզելն այդ շրջանակներում է:

Դե, իսկ հետո համապատասխան տեղերից ռուսաստանյան հեռուստաալիքներին հրահանգ է տված՝ այդ կեղծ թեզն առաջ տանելու, եւ հաստիքային քարոզիչները, նաեւ հայկական ազգանուններով, հիշում են հին երգը՝ «սա մայդան է»՝ չնայած տեսական եւ գործնական առումով ապացուցվել է, որ վերջին իրադարձությունները «մայդանին» ամենեւին նման չեն:

Ինչո՞ւ եմ ես «մայդանի» մասին խոսակցությունները սադրանք համարում: Որովհետեւ քաղաքական եւ «տեղեկատվական» փորձառություն չունեցող մարդիկ բուռն հակաքարոզչություն են ծավալում այդ կեղծ թեզի հետ՝ կամա թե ակամա քննադատելով Ռուսաստանի քաղաքականությունը: Քանի որ մեր հասարակական-քաղաքական դաշտում շատ մարդիկ ղեկավարվում են էմոցիաներով, այս փոխազդեցությունը բնական է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս