Բելգիայի միապետի ենթադրյալ դուստրը պահանջել է ԴՆԹ-ի թեստ անցկացնել
Դելֆինա Բոելը՝ Բելգիայի միապետ Ալբերտ Երկրորդի ենթադրյալ արտամուսնական դուստրը, հետամուտ լինելով միապետին իր կենսաբանական հայրը ճանաչելուն, ապրիլի 26-ին Բրյուսելի վերաքննիչ դատարան դիմում է ներկայացնելու՝ պահանջելով ԴՆԹ-ի թեստ անցկացնել հայրությունը պարզելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 24-ին հայտնել է Soir թերթը՝ վկայակոչելով հայցվորի փաստաբանին։
Բոելը պահանջում է նաեւ ԴՆԹ-ի թեստ անցկացնել իր իրավաբանական հոր՝ Ժակ Բոելի նկատմամբ: Դատական ատյանի որոշումը հայտնի կդառնա մեկ ամսվա ընթացքում: Բելգիայի Սահմանադրական դատարանը 2016 թվականի փետրվարին որոշում է ընդունել, որ գահն իր ավագ որդուն՝ արքայազն Ֆիլիպին, փոխանցած միապետ Ալբերտ Երկրորդի ենթադրյալ արտամուսնական դուստրն իրավունք ունի հետամուտ լինել հայրությունը պարզելուն:
2014 թվականի նոյեմբերին Բրյուսելի առաջին ատյանի դատարանը Բելգիայի Սահմանադրական դատարանին է պատվիրակել հայրությունը պարզելու Դելֆինա Բոելի պահանջների օրինականության վերաբերյալ որոշում կայացնելը: Բարձրագույն դատական ատյանը պետք է որոշեր՝ Բոելն իրավունք ունի արդյոք հետամուտ լինել ԴՆԹ-ի թեստի անցկացմանը՝ նպատակ ունենալով իրեն պաշտոնապես ճանաչել 83-ամյա միապետի ապօրինածին դուստրը: Դատական գործընթացը Դելֆինա Բոելի կողմից սկսվել էր 2013 թվականի հունիսին, երբ Ալբերտ Երկրորդը, որպես պետության գործող ղեկավար, օգտվում էր լիակատար անձեռնմխելիությունից:
Ավագ որդու՝ Ֆիլիպի օգտին գահից հրաժարվելուց հետո նա պահպանել է արքայի տիտղոսը, սակայն կորցրել է իրավաբանական անձեռնմխելիությունը: Դելֆինա Բոելի մայրը՝ բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշամը, երկար ժամանակ իր զավակից թաքցնում էր՝ ով է նրա հայրը: Միայն 18 տարկան հասակում Դելֆինան մորից իմացավ, որ ինքը միապետի արտամուսնական դուստրն է: Այն ժամանակ դեռ արքայազն Ալբերտի եւ բարոնուհու կապը շարունակվել է 16 տարի, սակայն, արդեն դառնալով թագավոր, Դելֆինային նա այդպես էլ չճանաչեց: Իրավաբանորեն նրա հայրը համարվում է բարոնուհու նախկին ամուսինը՝ ժառանգական արդյունաբերող Ժակ Բոելը, որը վաղուց է բաժանվել կնոջից եւ, ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Դելֆինային բացառել է իր կտակից: