Ամերիկացի սենատորները ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը
Մի խումբ սենատորներ, այդ թվում՝ հանրապետականներ ու դեմոկրատներ, ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարումը այդ երկրում ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի բանտարկման պատճառով:
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, օրինագիծը ներկայացրել են սենատորներ Ջեյմս Լենքֆորդը, Ժանին Շահինը, Թոմ Թիլիսը։
ԱՄՆ-ի հովանու ներքո հինգերորդ սերնդի կործանիչների մշակման բազմազգ ծրագրի շրջանակներում Թուրքիան պարտավորվել է գնել 116 F-35:
Ինչպես հայտարարել է Լենքֆորդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քամահրում է օրենքի գերակայությունը», ուստի այդ կառավարությանը զգայուն տեխնոլոգիաների մատակարարումը «չափազանց ռիսկային է»: «Թուրքիայի ռազմավարական որոշումները, ցավոք, ավելի ու ավելի շատ են շեղվում գծից եւ երբեմն հակասում են ԱՄՆ-ի շահերին»,-ասված է սենատորի հայտարարության մեջ:
«Բացի այդ, Թուրքիայի կառավարությունն ավելի ու ավելի է մերձենում Ռուսաստանի հետ եւ բանտում է պահում ամերիկացի անմեղ պաստորին, որպեսզի նրան որպես խաղազինվոր օգտագործի քաղաքական բանակցությունների ընթացքում»,-հավելել է Լենքֆորդը: Թիլիսն իր հերթին նշել է, որ Թուրքիան «խարխլում Է երկու երկրների հարաբերությունները»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը հայտարարել է, որ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը կարող է բացասաբար ազդել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վրա: