Բաժիններ՝

Գիտնականները ցանկանում են ստեղծել արհեստական ինտելեկտի զարգացման համաեվրոպական լաբորատորիա

Արհեստական ինտելեկտի (ԱԻ) բնագավառի եվրոպացի առաջատար հետազոտողներն անհրաժեշտ են համարում Եվրոպայում ընդհանուր գիտական կենտրոնի բացումը՝ «ուղեղների արտահոսքից» եւ ԱՄՆ-ից ու Չինաստանից տեխնոլոգիական առումով հետ մնալուց խուսափելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է գիտության գործիչների բաց նամակում, որը հրապարակվել է ապրիլի 24-ին։

Ուղերձում նշվում է, որ ԱԻ-ի զարգացումը հեղաշրջում է կատարում գիտության մեջ եւ անմիջականորեն ազդում ոչ միայն ինֆորմատիկայի եւ կիբեռնետիկայի վրա, այլեւ կից դիսցիպլինների վրա: Հեղինակները եվրոպական կառավարությունների ուշադրությունը հրավիրում են այն բանի վրա, որ հիմնական հետազոտական կենտրոններն այժմ գտնվում են Հյուսիսային Ամերիկայում: Դեռ ավելին, «ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ Չինաստանը Եվրոպայի երկրներից զգալիորեն առաջ են անցնել» գիտության այդ բնագավառում կատարած ներդրումների ծավալով:

Մինչդեռ «աշխարհամասում զարգացած է ակադեմիական մշակույթը, կան նաեւ բազմաթիվ ընդունակ ուսանողներ», իսկ մի շարք ուսումնական հաստատություններ, օրինակ, Քեմբրիջի, Ցյուրիխի եւ Թյուբինգենի համալսարանները, համաշխարհային առաջատարների թվին են դասվում արհեստական ինտելեկտի ուսումնասիրման բնագավառում: Սակայն, համալսարանական լաբորատորիաները խոշոր նախագծերի մշակման եւ աշխարհի առաջատար գիտնականների ներգրավման առումով չեն կարող մրցել չինական կամ ամերիկյան կենտրոնների հետ:

ELLIS (European Lab for Learning and Intelligent Systems) մեծ հետազոտական կենտրոնի ստեղծումը, որտեղ մեկ տանիքի տակ կաշխատեն եվրոպական տարբեր երկրների լավագույն գիտնականները, պետք է շտկիի իրադրությունը: «Անհրաժեշտ է անհապաղ ինչ-որ բան ձեռնարկել,-հայտարարել է Քեմբրիջի համալսարանից ինժեներիայի պրոֆեսոր Զուբին Գարամանին:-Դա (ELLIS-ի ստեղծումը) Եվրոպային կտա ընդգրկուն լաբորատորիա, որտեղ կաշխատեն ոչ թե 10 հետազոտողներ, այլ տարբեր երկրների հարյուրավոր մասնագետներ՝ տարբեր իրավասություններով»: Գիտնականների կարծիքով՝ նախագիծը պետք է գործարկվի արդեն այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս