ԱՄՆ-ի Սենատի անդամներին թույլատրեցին իրենց նորածիններին բերել նիստերին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ապրիլի 19-ին ուղղումներ է կատարել իր կանոնակարգում՝ թույլատրելով վերին պալատի անդամներին՝ նորածին երեխաներին իրենց հետ բերել նիստերին: Դրանց հեղինակը Իլինոյսի նահանգից սենատոր-դեմոկրատ Թեմմի Դաքուորթն է, որը դարձել է ամերիկացի առաջին սենատորը, ով երեխա է ծնել իր լիազորությունների կատարման ժամանակաշրջանում։ Համապատասխան բանաձեւն ընդունվել է միաձայն:
Տեքստի համաձայն, օրենսդիրներին թույլատրվում է իրենց մինչեւ մեկ տարեկան երեխաների հետ ներկա լինել դահլիճում քվեարկության ժամանակ: Ապրիլի 9-ին Դաքուորթը դուստր է ունեցել, որին անվանել են Մեյլի Փիռլ Բոուլսբի: Առաջիկա երեք ամսվա համար օրենսդիրը պլանավորում է արձակուրդ վերցնել երեխային խնամելու համար:
Ընդսմին Դաքուորթն ավելի վաղ հայտարարել է, որ, այդուամենայնիվ, պատրաստվում է կարեւոր օրինագծերի շուրջ քվեարկությունների ժամանակ կամ երբ իր ներկայությունն անհրաժեշտ է կուսակիցներին, հայտնվել Սենատում: Բայց նա չի կարող երկար ժամանակ մենակ թողնել դստերը: Դա էլ հենց օրենսդրին դրդել է բանաձեւի նախագիծ ներկայացնել հին կանոնի չեղարկման վերաբերյալ, որը սենատորներին արգելում է նիստերին գալ իրենց երեխաների հետ:
Դաքուորթի կարծիքով՝ այժմ այն միայն խանգարում է աշխատել պալատի՝ ծնող դարձած անդամներին: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու կուսակցություններից իմ գործընկերներին, հատկապես կանոնակարգի գծով կոմիտեի ղեկավարությանը այն բանի համար, որ նրանք օգնեցին Սենատին 21-րդ դար մտնել՝ ընդունելով, որ հենց նոր ծնող դարձած մարդիկ պարտականություններ ունեն նաեւ աշխատանքում»,-ասված է բանաձեւի հեղինակի հայտարարության մեջ:
Ընդ որում՝ նա ինքը չի կարողացել ներկա լինել նիստին: 50-ամյա Դաքուորթը ամերիկացի քաղաքական ու հասարակական գործիչ է, իրաքյան պատերազմի վետերան: Իր բանակային կարիերան նա սկսել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում՝ ավարտելով օդաչուական ուսումնարանը եւ դառնալով օդաչու: 2004 թվականի նոյեմբերի 12-ին նրա ուղղաթիռը խփվել է, ինչի հետեւանքով Դաքուորթը կորցրել է զույգ ոտքերը եւ այն ժամանավանից տեղաշարժվում է պրոթեզների օգնությամբ, իսկ երբեմն էլ՝ հաշմանդամի սայլակով: 2013-ից մինչեւ 2016 թվականը նա Ներկայացուցիչների պալատի անդամ էր, իսկ 2016 թվականին ընտրվել է Սենատում՝ դառնալով առաջին սենատորը, որը երեխա է ծնել իր լիազորությունների կատարման ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: