«Սթափ մարդիկ հասկանում են, որ երկխոսությունից ճիշտ բան չկա». Ռուբեն Բաբայան

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և դրանց հնարավոր անցանկալի ելքերից խուսափելու նպատակով ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հավաքի կազմակերպիչներին երկխոսության սեղանի շուրջ նստելու առաջարկով:

Արդեն այսօր Հայաստան ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի հետ միասին հանդիպել և երկխոսության ներքաղաքական լարված իրավիճակի շուրջ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Առաջարկված երկխոսության հնարավոր տարբերակների մասին 168.am-ը զրուցել է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ.

«Արդեն որերորդ անգամն է՝ իմ հրապարակային ելույթներում ասում եմ, որ կողմնակից եմ լայն կլոր սեղանի շուրջ նստելու և բանակցելու տարբերակին, առավել ևս, որ այդ առաջարկությունն արդեն իսկ հնչել է նաև պաշտոնապես՝ նախագահի կողմից: Կարծեմ այդպիսի երկխոսության պարագայում շատ հետաքրքիր լուծումներ կարող է գրանցել՝ հատկապես, որ նորընտիր նախագահը երկար տարիներ աշխատել է՝ որպես դիվանագետ: Եթե նրան հաջողվի բարեհաջող կերպով իրականացնել այդ քայլը, դա մեծ ձեռքբերում կլինի այս իրավիճակում, որում հայտնվել է երկիրը վերջին շաբաթների ընթացքում:

Կարծում եմ նաև, որ այդ երկխոսության ընթացքում շատ կարևոր է լինելու նաև այն հանգամանքը, թե ի՞նչ հարցի շուրջ են ընթանալու բանակցությունները: Իրականում բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ համակարգային տեսակետից երկրի վիճակը ծայրահեղ փակուղի է մտել, և կարծում եմ, որ բանակցային սեղանի շուրջ պետք է սկսել հենց այս հարցի քննարկումից:

Իհարկե, կգտնվեն և միշտ էլ կան որշակի ծայրահեղական տարրեր, բայց պետք է նաև նկատել, որ դրանք կան բոլոր կողմերից՝ լինի իշխանություն թե ընդդիմություն: Սթափ մարդիկ հասկանում են, որ երկխոսությունից ճիշտ բան չկա, ուրեմն պետք է որոշել շրջանակն ու արագ անցնել դրանց իրականացմանը: Բոլորը, լինեն կրոնական առաջնորդներ, հասարակական գործիչներ, մտավորականներ թե պետական պաշտոնյաներ, կարծում եմ՝ ճիշտ կանեն՝ հենց այդ ուղղությամբ տանեն երկխոսության եզրերը»:

Անդրադառնալով նրան, որ երկրում ստեղծված իրավիճակն այստեղ է բերել իրավիճակով մտագոհ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, Ռուբեն Բաբայանը նկատում է.

«Եթե չեմ սխալվում՝ դեռևս մի տարի առաջ էր, որ նա հրապարակային ելույթ ունեցավ և հասարակական խնդիրների տեսակետից Հայաստանի վիճակը նկարագրեց՝ որպես շատ վտանգավոր, այնպես որ, սպասելի էր նրա այցը Հայաստան հատկապես հենց այս օրերին»:

Տեսանյութեր

Լրահոս