Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ բավականին արդյունավետ հանդիպում ունեցանք: Մտքերով փոխանակվեցինք ներքին և արտաքին զարգացումների, հնարավորություն ունեցանք քննարկելու Բահչելիի առաջարկը՝ երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Որոշում կայացրեցինք հունիսի 24-ին ընտրություններ անցկացնելու մասին: Բարձրագույն ընտրական հանձնաժողովն անմիջապես կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն իր խոսում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:
Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին: