Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել ԿԺԴՀ-ի հետ

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել ԿԺԴՀ-ի հետ այն դեպքում, եթե նա լիովին հրաժարվի իր միջուկային ծրագրից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 18-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըյ Յոնը:

Նա պատմել է, որ ներկայում Սեուլը եւ Վաշինգտոնը «խորացված քննարկում» են անցկացնում ԿԺԴՀ-ի խնդրի լուծման տարբեր ուղիների, ինչպես նաեւ այն երաշխիքների շուրջ, որոնք կարող են տրվել Փհենյանին միջուկային ծրագրից նրա հրաժարվելու դիմաց:

Մարտի 29-ին Փհենյանի եւ Սեուլի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 27-ին երկու երկրների ղեկավարներ Կիմ Չեն Ընի եւ Մուն Չժե Ինի հանդիպում անցկացնել Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի սահմանի ապառազմականացված գոտում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 17-ին հայտարարել է, որ բնավ չի առարկում ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ հաշտության համաձայնագրի ստորագրմանը: «Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի ղեկավարների միջեւ շուտով կկայանա հանդիպում, եւ նրանք պլանավորում են քննարկել իրենց երկրների միջեւ պատերազմական վիճակի դադարեցման հնարավորությունը: Եվ ես հավանություն եմ տալիս դրան»,- նշել է Թրամփը այն բանից անմիջապես հետո, երբ Պալմ Բիչում (Ֆլորիդայի նահանգ) սկսվել է նրա հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս