«Մենք ատելության լիմիտը սպառել ենք Հայաստանում». Արմեն Աշոտյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն ապացուցում է, որ հնարավոր է փոխել երկիրը ներսից և պաշտպանել դրսից: Ըստ նրա` դա դժվար գործընթաց է, որ դժվարությամբ է հաջողվում նաև այլ վարչապետներին:
Ա.Աշոտյանը նշեց, որ մենք երբևէ չենք ունեցել ավելի հայանպաստ վիճակ Արցախյան շարժման ողջ ընթացքում, չենք ունեցել ԵՄ-ի հետ հարաբերություններում ավելի լավ մակարդակ, նույնը՝ հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերություններում:
Ա.Աշոտյանը շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցության գործընկերներին. «Դուք շատ բարդ ընտրություն եք արել, ժողովո՛ւրդ, դուք կատարել եք քաղաքակիրթ քաղաքական համակարգը կայացնելու քայլ: Ես հասկանում եմ, որ այդ «օվերդոզը» կարող է հուզականության հետևանք լինել, որովհետև կա ինչ-որ գին, որի համար պետք է վճարվի»:
Դիմելով Էդմոն Մարուքյանին` Ա.Աշոտյանը հորդորեց Սերժ Սարգսյանի նկարի հետ խոսելու փոխարեն՝ կողմ քվեարկել և պարբերաբար վայելել նրա ներկայությունն ԱԺ-ում և ուղիղ հարցեր տալ:
Նրա կարծիքով` ժողովրդավարությունը քաղաքացի է պահանջում, որին կերտելը բարդ գործ է, բայց շնորհակալ: Ա.Աշոտյանը ներկայացրեց նաև հաջողության բանաձևը, որը հայրենիքի և երկրի, այսինքն` ազատության և պատասխանատվության, զուգակցման մեջ է: Պատգամավորի խոսքով` առաջիկա զարգացման տարիները այդպիսին պետք է լինեն:
Նա նշեց, որ պետք է սովորել սիրել իրար՝ բառի մարդկային շփումների իմաստով. «Մենք ատելության լիմիտը սպառել ենք Հայաստանում: Պետք է նաև հասկանանք, որ մեծ սխալների լիմիտն ենք սպառել, դրա իրավունքը նույնպես չունենք: Կարծում եմ, նաև սպառել ենք հոռետես լինելու բոլոր ռեսուրսները: Որպեսզի իշխանությունն ուժեղ լինի, այն պետք է անպայման սահմանափակված լինի` Սահմանադրությամբ, օրենքներով, ընդդիմությամբ»:
«Ձեր դեպքում ես ավելի քան վստահ եմ, որ ձեր ներքին կենսափորձը, բարոյականոնը շատ ավելի ուժեղ սահմանափակող միջոցներ են լինելու, քան բոլոր օրենքները միասին վերցրած»,- Սերժ Սարգսյանին դիմեց Ա.Աշոտյանը: