Բաժիններ՝

«Ահռելի բևեռացումը, որը գոյացել է մի խումբ հարուստների և ժողովրդի միջև, բերել է այս զարգացումներին». իրավապաշտպան

Ապրիլի 16-ին Գյումրիում մի խումբ ակտիվիստներ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը, այնուհետև՝ Գարեգին Նժդեհ փողոցը, որից հետո մեկնարկել է ավտոերթ: Այնուհետև ակտիվիստները «Մերժիր Սերժին» նախաձեռնության շրջանակներում շարժվել են դեպի Շիրակի պետական համալսարան՝ ուսանողներին դասադուլի կոչ արել, ապա միացել են Երևանում պայքարող իրենց ընկերներին՝ Գյումրուց շարժվելով դեպի Երևան:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի խոսքով, ինքը խոսել է շարժման որոշ մասնակիցների հետ, ովքեր իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել:

«Հիմա չեմ կարող ասել, քայլը ճիշտ է, թե սխալ, որովհետև մտադրությունների մասին տեղյակ չեմ»,- ասել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Պայքարողներից Ղարիբ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շարժմանը միանալու հիմնական դրդապատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը հրապարակային խոստում էր տվել բոլոր քաղաքացիներին, սակայն այդ խոստումը չի կատարել. «Սա ավելի շատ բարոյական պայքար է, քան քաղաքական: Նա խոստում էր տվել, որ ինքը երրորդ անգամ որևէ կերպ ո´չ նախագահի, ո´չ վարչապետի պաշտոնին չի հավակնի, բայց չկատարեց իր խոստումը»:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը քաղաքացիական անհնազանդության մասին է:

«Ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ քաղաքացիներն ունեն իրենց հնարավորությունները, և այդ ամբողջը հենց քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ է տեղավորվում, այն, ինչ կատարվում է Երևանում, և այն, ինչ մասնակիորեն կատարվեց Գյումրիում և Վանաձորում: Այս ձևով քաղաքացիներն արտահայտում են իրենց վերաբերմունքը»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ լավ է, որ ժողովուրդը զգայուն է ստի նկատմամբ, և շատ վատ է, որ իշխանություններն իրենք զգայուն չեն և փորձում են արդարացումներ, հիմնավորումներ գտնել անվտանգության և այլ տեսանկյուններից:

«Ես չէի ուզենա կրկնել այդ ամբողջ ցուցակը՝ անցած 10 տարիների տրված խոստումների և չիրականացրած աշխատանքների: Ասեմ, որ Հայաստանին իսկապես փոփոխություն է պետք, և դա ուզողը հասարակությունն է, հատկապես՝ երիտասարդությունը, ուսանողությունը, ինչը շատ ուրախալի է, և միայն այն, որ դու տեսնում ես այդ ամենը, հասկանում ես, որ այս մարդիկ կարող են դուրս գալ փողոց միայն լավ նպատակներով, ի տարբերություն բոլոր այն դեմքերի, որոնք մենք տեսել ենք, որոնք կարող են Ծաղկաձորում թաքուն կազմակերպել իրենց գերագույն մարմնի նիստը:

Շատ հետաքրքիր է, հանրապետականներն այնքան հարո՞ւստ են, որ իրենց ջիպերով Հայաստանի ցանկացած տեղում կարող են իրենց նիստը կազմակերպել, և ինչո՞ւ է Հայաստանի բնակչությունն այսքան աղքատ, որ իրենց հանապազօրյա գոյատևման խնդիրը պետք է լուծի: Սա աղաղակող անարդարություն է, և ահռելի բևեռացումը, որը գոյացել է մի խումբ հարուստների և ժողովրդի միջև, բերել է այս զարգացումներին»:

Մեր դիտարկմանը, թե՝ փաստորեն շարժումն ունի սոցիալական հիմք, մեր զրուցակիցը պատասխանեց, թե առաջնայինն արդարության համար պայքարելն է:

Թե ինչ ելք կունենա սկսված շարժումը՝ Ս. Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ այն, ինչ սկսվել է, ճիշտ գործընթաց է:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ պայքարը հաջողությամբ պսակվի, ըստ բանախոսի, մարդիկ, ովքեր այդ ամբողջն անում են, հրաշալի պատկերացնում են իրենց անելիքը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս