Քարից մետաղ ստացող մարդիկ. ԶՊՄԿ-ում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը
Հուլիսի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը, Քաջարան համայնքում մետալուրգի օրը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի աշխատակիցներին, իսկ ընկերության ղեկավարության ջանքերով օրը վերածվեց իսկական տոնակատարության։
Օրը ևս մեկ անգամ առիթ էր, որպեսզի հիշեն, մեծարեն ու պարգևատրեն այն մարդկանց, որոնց անխոնջ աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է շարունակական աշխատանք ու գրանցում մեծ ձեռքբերումներ։
Օրը կարևոր է նաև այն առումով, որ ոլորտում ամփոփում են կիսամյակն ու առանձնացնում ձեռքբերումները, ուշադրություն դարձնում բացթողումներին ու աշխատում՝ հաջորդ կիսամյակում բացթողումները ձեռքբերումների վերածելու համար։
«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը միջոցառման մեկնարկին ուրախությամբ արձանագրեց, որ Հանքագործի և մետալուրգի օրն ավանդական տոն է, որի ընթացքում ամփոփում են արդյունքները, հավելելով՝ այս տարվա կիսամյակը կոմբինատի պատմության մեջ լավագույններից է։

«Կարող եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ կոմբինատի ամփոփված կիսամյակը ընկերության պատմության մեջ լավագույններից մեկն է։ Համոզված եմ, որ այս կոլեկտիվի հետ հնարավոր է իրականություն դարձնել նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը»,- նշեց Ռոման Խուդոլինը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանի գնահատմամբ՝
պղնձամոլիբդենային կոմբինատը շատ մեծ ձեռքբերումներ է ունեցել, դրանք երկար կարելի է թվարկել, դրանից մեկն, օրինակ, թվայնացման ծրագիրն է, որը սկսել են մոտ 2 տարի առաջ և շարունակական իրականացնում են։
«Իր ծավալնելով ու նշանակությամբ այս ծրագիրն աննախադեպ է, ավարտելու համար դեռևս մի քանի տարի է անհրաժեշտ։ Ծրագրի ավարտից հետո մենք ունենալու ենք լիարժեք թվայնացված, ավտոմատացված արտադրական շղթա, որն ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը, տեսանելի ու կառավարելի կլինի ընդհանուր ղեկավարման տեսանկյունից։
Երկրորդ կարևոր ձեռքբերումը վերազինումն է, այս տարի էլ շարունակում ենք մեր վերազինումը։ Գնել ենք հանքում աշխատելու համար մեքենաներ, վերազինում է կատարվում նաև ֆաբրիկայում՝ հարստացուցիչ։ Այսինքն՝ սա ամենօրյա ու մեծ ծավալի աշխատանք է»,- հավելեց Վարդան Ջհանյանը։

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասների նվազմանն ուղղված քայլերին, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն ասաց, որ այս պահին սկսել են կարևորագույն մի գործընթաց՝ Հայաստան են բերում կայուն զարգացման միջազգային ստանդարտներ, որի մեջ ներառված են ստանդարտներ և դրանք վերաբերում են շրջակա միջավայրի ազդեցությանը։ Կա երկու տարբերակ, դրանցից պետք է ընտրեն և կիրառեն Հայաստանում, որից հետո մետաղական հանքերը պետք է աշխատեն այդ ստանդարտներով։
Օրվա խորհրդին հավատարիմ ԶՊՄԿ գլխավոր տնօրենը հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևատրեց և շնորհակալագրեր հանձնեց ընկերության այս կիսամյակի լավագույն աշխատակիցներին՝ գնահատելով նրանց կատարած աշխատանքը։
Ընկերության յուրաքանչյուր աշխատակցից է կախված այն արդյունքը, որն ամեն օր ապահովում է ԶՊՄԿ-ն, նրանք ամենօրյա պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները՝ գիտակցելով իրենց աշխատանքի կարևորությունը պետության ու տնտեսության զարգացման գործում։
Պարգևատրված աշխատակիցներից մեկի՝ ԶՊՄԿ արտադրության վերահսկողության վարչության նմուշարկող Գայանե Իվանյանը կոմբինատում աշխատում է շուրջ 3 տասնամյակ, նրա համար անսպասելի էր իր պարգևատրումը, այդ պատճառով էլ զգացողությունները յուրահատուկ էին։
«Չէի սպասում, որ նման պատվի կարժանանամ, դա մի այլ զգացողություն էր, որ իմ աշխատանքում չեմ թերացել, աշխատանքս գնահատվել է մեր ղեկավարության կողմից, գոհ ու շնորհակալ եմ։
Մարդիկ քարից մետաղ են ստանում, հետաքրքիր, միաժամանակ բարդ աշխատանք է, բայց կատարում ենք ու չենք թերանում աշխատանքում։ Տարբերություն չկա, տղամա՞րդն է այդ աշխատանքը կատարում, թե՞ կինը՝ կարևորը սիրով անում ենք»,- նշեց Գայանե Իվանյանը։
ԶՊՄԿ պոչամբարի տնտեսության տնտեսական գծով ղեկավար Վահագն Ներսիսյանը պարգևատրումից հետո նշեց, որ պարտավորեցնող է այն հանգամանքը, որ ներկայացել է որպես լավագույն աշխատակից՝ այսուհետև պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ շարունակի աշխատել։ Խոստանում է շարունակել աշխատել այնպիսի մեթոդներով, որպեսզի աշխատանքային միջավայրն էլ ավելի լավը դարձնի։

«Կոմբինատի հեռանկարները շատ մեծ են՝ այստեղ աշխատել են մեր պապերը, հայրերը, ցանկանում եմ, որ երիտասարդները ավելի մեծ սիրով ու պատասխանատվությամբ իրենց աշխատանքը կատարեն, քանի որ այդ աշխատանքն է, որ ապահովում է մեր ընտանիքների բարեկեցիկ կյանքը»,- շեշտեց կոմբինատի երիտասարդ աշխատակիցը։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ԶՊՄԿ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի լուսանկարիչ Նվեր Զելյայի հեղինակած լուսանկարների ցուցահանդեսը՝ ամբողջովին նվիրված Սյունիքին՝ սյունյաց բնությանն ու հուշարձաններին։
Երկարամյա լուսանկարիչը ևս կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտը՝ շեշտելով, առանց հանքարդյունաբերության՝ ոչինչ չկա։
«Սյունիքն անկրկնելի է, Սյունիքի ամեն քարն ունի իր յուրահատուկ տեղը, դիրքը։ Իմ նկարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, կան նկարներ, որտեղ պատկերել եմ մարդկանց, դրանք ավելի թանկ են, քանի որ այդ մարդիկ այլևս չկան։

Նկարները ցուցադրելու առաջարկը ստացա Արայիկ Մարգարյանից, սիրով համաձայնեցի, քանի որ առաջին անգամ են ցուցադրվում իմ նկարները»,- ասաց լուսանկարիչը։
Նշենք նաև, որ Հայաստանում Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը նշվում է 2008 թվականից։ Այս տարի ևս տոնական միջոցառումն ամփոփվեց համերգային մեծ ծրագրով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Ասատուր Ասլանյան
Զվարթ Խաչատրյան
Սյունիք-Երևան

