
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է

ՔԻչ առաջ Նիկոլ Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան:
Փաշինյանը, սակայն, հայտարարեց, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: ԴԻմելով հավաքվածներին՝ նա ասաց. «Ժողովուրդ, քանի հոգի է այսօր իմ մոտ ընդունելության»:
Վ.Օսիպյանը հորդորեց չլարել իրավիճակը՝ հիշեցնելով, որ նա հայտարարել էր, որ բախման չի գնալու ոստիկանների հետ: Սակայն Ն. Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի:
Սկսվեց հրմշտոց: Ակցիայի մասնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց: