«Հաղթելու համար Երևանում միլիոններ են անհրաժեշտ, իսկ նրանք միլիոնների աջակիցներ չունեն»․ Կոլերով
«Իշխանությունը կանտեսի Երևանի կենտրոնում ծավալվող գործողությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, «Հանուն Հայաստանի Հանրապետության» քաղաքացիական նախաձեռնության՝ երեկ Ազատության հրապարակից սկսած և Ֆրանսիայի հրապարակում հաստատված պայքարին՝ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Մոդեստ Կոլերովը պնդեց, որ այդ ուժերը չեն կարող հաղթել։ Նա նշեց, որ նույնիսկ փողոցներից մեկը փակել էին հինգ հոգով և մեկ վրանով։ Մեր պնդմանը, թե այսօր ակցիաները մարդաշատ են եղել, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ գուցե այսօր ավելի շատ են եղել։
«Այո, տասն անգամ ավելի շատ մարդ է մասնակցել այսօր ծավալված ակցիաներին և հանրահավաքին, բայց հաղթելու համար միլիոններ են անհրաժեշտ, իսկ նրանք միլիոնների աջակիցներ չունեն։ Այսքանը»,- ասաց Կոլերովը։
Անդրադառնալով իշխանության հնարավոր հակազդմանը՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ իշխանությունը, Ոստիկանությունը կարհամարեն և կանտեսեն տեղի ունեցողը։
«Եթե վաղը չէ մյուս օրն այդ նույն փողոցով մարդիկ կսկսեն գնալ աշխատանքի, հանրային տրանսպորտի ակտիվ աշխատանք լինի, ինչ-որ մեկը կուշանա աշխատանքից, տաքսիստները կսկսեն հաճախորդներ կորցնել, այդ ժամանակ այս ամենի կազմակերպիչները կբախվեն այն փաստին, որ կաթվածահար են արել քաղաքային կյանքը, և այդ դեպքում, կարծում եք, նրանց համակիրների շարքը կընդլայնվի՞, թե՞ կպակասի։ Կարծում եմ՝ կպակասի։ Քաղաքի բնակիչները, ում նրանք անհարմարություն են պատճառում, այս ուժերին շնորհակալություն չեն հայտնելու, և եթե այդ ուժերը քաղաքացիներին ասեն, թե այս ամենում Սերժն է մեղավոր, ոչ մեկը նրանց չի հավատալու»,- նշեց Կոլերովը։
Խոսելով ուկրաինական Մայդանի ընթացքում ծավալված գործողություններից, անհնազանդության դրսևորումներից՝ Մոդեստ Կոլերովն ասաց, որ ուկրաինական օրինակի էությունը կայանում է նրանում, որ Մայդանը զարգանում էր այն հրապարակում, որը ուղիղ կերպով կապված չէր քաղաքային կոմունիկացիաների հետ, ոչ տրանսպորտի տեղաշարժի հետ։ «Մայդանը զարգանում էր փակուղային հրապարակում՝ Կիևի կենտրոնում, Մայդանն այնտեղ կարող էր շարունակվել թեկուզ 100 տարի, և ոչինչ դա չէր փոխում քաղաքային կյանքում։ Հենց ընդդիմությունը կոչ կանի Երևանի բոլոր բնակիչներին՝ դադարեցնել օգտվել ջրից, դադարել գնել հաց, դադարել օգտվել գումարից, դա կլինի լուրջ, իսկ սա ի՞նչ է, ո՞ւմ են նրանք վատություն անում»,- ասաց Կոլերովը։