Թուրք ոստիկանները ցրել են ԱՄՆ դեսպանատան մոտ Սիրիայի վրա հարձակման դեմ կազմակերպված ցույցը
Անկարայի ոստիկանությունը ցրել է թուրքական ընդդիմադիր «Վաթան» կուսակցության բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց՝ ի նշան ԱՄՆ և դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակման դեմ բողոքի: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Թուրքական ոստիկանությունն արգելել է մի քանի տասնյակ ցուցարարներին մոտենալ դիվանագիտական ներկայացուցչության մուտքի մոտ՝ արգելելով նաև բողոքի ակցիան անցկացնել հարակից փողոցում:
Ոստիկանությունից լրատվամիջոցին հայտնել են, որ ցույցն արտոնված չի եղել, այդ իսկ պատճառով ցուցարարները պետք է ցրվեն, հակառակ դեպքում կկիրառվեն հատուկ միջոցներ:
«Իմպերիալիստ բարբարոսները, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհ են անվանում, այս առավոտ հարձակվել են Սիրիայի վրա, որին արդեն 7 տարի է՝ չեն կարողանում ծնկի բերել: Սիրիացիներն այս 7 տարիների ընթացքում առյուծի նման դիմադրում են այդ փորձեին»,- ասել է «Վաթան» կուսակցության գլխավոր քարտուղար Ութքու Ռեյհանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սատարելով ԱՄՆ-ին և այդ երկրի հարձակումը Սիրիայի վրա, «սպառնալիքի տակ է դնում համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ՝ Աստանայում սիրիական կարգավորման գործընթացի շրջանակում»:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրի նկատմամբ հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:
Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ: Հրթիռների մեծ մասը կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով: