«ՀՀԿ-ականներ և Սերժ Սարգսյան, ձեզ ուզում ենք շրջափակել, խնդրում ենք՝ ասեք ձեր կոորդինատները». Նիկոլ Փաշինյան
«Գաղափար կա, որ ավտոերթ անենք՝ «Փնտրում եմ հանրապետականին» կարգախոսով»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, երբ հայտարարեցին ՀՀԿ շենքը գրավելու մասին, նիստը տեղափոխվեց Ծաղկաձոր, իսկ երբ ասացին, որ գնալու են Ծաղկաձոր՝ ՀՀԿ-ին շրջափակելու, նիստը մի քանի ժամ շուտ անցկացվեց։
«ՀՀԿ-ականներ և Սերժ Սարգսյան, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ ձեզ ուզում ենք շրջափակել, խնդրում ենք՝ ասեք ձեր կոորդինատները»,- կատակեց Փաշինյանը։
Ընդդիմադիր ուժերին արած իր կոչի վերաբերյալ Փաշինյանը նորից կրկնեց, որ հանուն ժողովրդի՝ պետք է ներել իրար. «Հայաստանում քաղաքական գործիչ չկա, այնպիսի մարդ չկա, որին պոզ ու պոչ չկարողանանք կպցնել, բայց մեր խնդիրն է՝ ապահովել համերաշխություն՝ մինուս Սերժ Սարգսյան մթնոլորտ։ Այսօրվանից մենք արդեն ունենք արձագանքներ։ Այսօր այստեղ են եկել Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատները», առանց կոչի էլ մեզ միացել էր Պարույր Հայրիկյանը։ Երեկ տեսա, որ ՀԱԿ-ի երիտթևը շատ ակտիվ մասնակցել է մեր հավաքին, այստեղ է նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը»։
Նա համոզմունք հայտնեց, որ ժողովրդի ճնշման դեպքում ՀՀԿ-ից բազմաթիվ մարդիկ մենակ են թողնելու Սերժ Սարգսյանին։
«Մեզ զանգել են բազմաթիվ մարդիկ և ասել, որ հանրահավաքի ժամը 18։30-ն է, ի՞նչ իրավունք ունեք այդ ժամը փոխել, դարձնել 14։00։ Ոչինչ, մենք հիմա երթ կանենք՝ ցույց տալու մեր հզորությունը, միասնությունը, և կվերադառնանք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց գործողությունները ոչ բռնի անհնազանդության գործողություններ են։
«Եթե որևէ մեկը որևէ պատճառաբանությամբ որևէ մեկի նկատմամբ բռնություն է գործադրում, նա մեր շարժման հետ որևէ կապ չունի»,- ընդգծեց նա։
Փաշինյանի ելույթից հետո հավաքի մասնակիցները սկսեցին իրենց երթը։