
Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ. արաբագետ

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ: Արաբագետ Արմեն Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում քիչ հավանական համարեց ռազմական գործողությունների շարունակությունը:
«Փաստացի այս հրթիռակոծումը կարելի է դիտարկել վերջին օրերին սիրիական հակամարտության շուրջ ծավալված լարվածության հանգուցալուծում: Տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ, սրանով, կարծես թե, լարվածության ռազմական փուլը կավարտվի: Մեծ հավանականություն կա, որ հետագա գործընթացները կտեղափոխվեն առավելապես տեղեկատվական, քաղաքական հարթություն: Հիմքեր կստեղծվեն սիրիական հակամարտության կարգավորմանը միտված նոր քաղաքական գործընթացի համար»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Արաբագետը նկատեց, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածները հստակ թիրախավորված էին, սա նշանակում է, որ հարվածող կողմը մեկ նպատակ է հետապնդում, պատժել կատարված քիմիական հարձակման դիմաց:
«Ակնկալվում է, որ հրթիռակոծությանն ուղղված պատասխանները կլինեն քաղաքական դաշտում»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: