«Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ոչ թե պետք է սրբազան պատերազմ սկսեն «Freedom House»-ի գնահատականների հետ, այլ՝ հետևություններ անեն». Նաիրա Զոհրաբյան
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում նաև նշել է, որ ՀՀ-ում Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին ժողովրդավարության նվազում է տեղի ունեցել, և, որ ՀՀ-ն կանգնած է ավտորիտար երկիր դառնալու վտանգի առաջ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայն է «Freedom House»-ի գնահատականների հետ.
«Կարծում եմ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ոչ թե պետք է ինչ-որ սրբազան պատերազմ սկսեն «Freedom House»-ի գնահատականների հետ, ոչ թե պետք է իրենց տարբեր հրապարակային ելույթներում «Freedom House»-ին մեղադրեն կողմնակալության և սուբյեկտիվիզմի մեջ, այլ պետք է լրջագույն հետևություններ անեն: Մենք պետք է լրջագույն հետևություններ անենք բոլոր այն հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ոչ միայն՝ «Freedom House»-ը, այլև՝ տարբեր կազմակերպություններ, տարբեր միջազգային կառույցներ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գնահատականներ են տալիս: Ո՞ւմ համար է գաղտնի, որ այսօր էլ, երեկ էլ ՀՀ-ում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ եղել են: Այն, ինչի մասին խոսել է «Freedom House»-ը, արդյոք որևէ մեկի համար անակնկա՞լ էր: Իհարկե՝ ոչ»:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ հատկապես հիմա՝ ԵՄ-ի հետ այս համապարփակ համաձայնագրի վավերացումից հետո, ՀՀ-ն հնարավորություն ունի իրապես կատարել խորքային բարեփոխումները. «Պատահական չէ, որ երեկ ես իմ ելույթում, որը, չգիտես՝ ինչու, նյարդայնացրել է իշխանության տարբեր ներկայացուցիչներին, նշել եմ, որ իշխանությունը պետք է ունենա քաղաքական խիզախություն՝ կոտրելու սեփական ողնաշարը»:
Ըստ Ն. Զոհրաբյանի՝ «Freedom House»-ի զեկույցում որոշ բաներ խտացված էին, բայց, ընդհանուր առմամբ, ինքը համաձայն է այդ գնահատականների հետ:
Նշենք, որ այսօր «Freedom House»-ի զեկույցին անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ՝ ասելով. «Առաջին անգամ եմ լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է»: