««Freedom House-ի զեկույցում ինձ չհաջողվեց գտնել, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում». Դավիթ Հարությունյան
«Առաջին անգամ եմ լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է»,- այսօր կառավարության նիստից հետո այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։
Նշենք, որ Freedom House-ը հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:
«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա կարծում եմ՝ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ»,- ասաց Հարությունյանը։
Նա նկատեց՝ ըստ զեկույցի, օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի. «Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության, այսինքն՝ ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա»։
Նախարարի պաշտոնակատարը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին: Տեսեք, մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Գոնե մի տեղ ինձ չհաջողվեց գտնել։ Առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատական շեղվել է դասական մեթոդաբանությունից»։