
«Հանրահավաքը մեկնարկելու է, բայց չի ավարտվելու. մենք չենք պատրաստվում վաղը քաղաքացիներին տուն ուղարկել». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ բոլոր մարզերի բոլոր քաղաքների բնակիչներին, որը վաղը 18:30-ին բոլորը գործուղվեն Ազատության հրապարակ:
Նա հայտարարեց, որ իրենք վաղը քայլերթով կհասնեն Երևանի Ազատության հրապարակ և 18:30-ին հանրահավաք կանեն: Ն. Փաշինյանը կոչ արեց ՀՀ բոլոր բնակավայրերին, որ իրենց պատվիրակներին վաղը գործուղեն Ազատության հրապարակ՝ ապահովելու քաղաքացու հաղթանակը և կասեցնելու Սերժ Սարգսյանի իշխանության երրորդ ժամկետը:
«Այսօրվա արշավն ուղերձ է ՀՀ բոլոր բնակավայրերին՝ վաղն իրենց պատվիրակներին ուղարկելու Ազատության հրապարակ: Հանրահավաքը մեկնարկելու է, բայց չի ավարտվելու: Մենք չենք պատրաստվում վաղը քաղաքացիներին տուն ուղարկել, մենք չենք պատրաստվում ընդհանրապես քաղաքացիներին տուն ուղարկել: Եթե քաղաքացիներն իրենց կամքն արտահայտեն, մենք կապահովենք նրանց կամարտահայտման քաղաքական իրագործումը: Մենք ակնկալում ենք՝ վաղը Երևանի Ազատության հրապարակում տեսնել տասնյակ, հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիների ՀՀ բոլոր քաղաքներից, մարզերից»:
Նա ուղերձով դիմեց սփյուռքի համայնքներին, որ նրանք վաղը 18:30-ին իրենց պատվիրակներին ուղարկեն Երևանի Ազատության հրապարակ. «Այստեղ չկան անձնական մոտիվացիաներ, վախկոտություն, կասկած, այլ՝ կա վճռականություն և ցանկություն՝ ժողովրդին տալ լիազորություն՝ հաստատել քաղաքացու անշրջելի իշխանություն»: