
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:
Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է.
«Իմ անկեղծ շնորհավորանքը եւ ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը եւ մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության եւ բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»:
Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շարլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ: