«Հայաստանը կարողացավ յուրահատուկ կամուրջ դառնալ ՌԴ-ի և Արևմուտքի միջև». Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատմական է անվանել Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը և այն համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ձեռքբերումներից մեկը:

Ազգային ժողովում համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ նա ընդգծեց, որ ոսկերչական ճշգրտության քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության միակ պետությունն է, որը, անդամակցելով ՀԱՊԿ-ին, լինելով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, նման ամբիցիոզ համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ:

«Այս համաձայնագիրը լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսներին, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ այս և այլ ամբիոններից քննադատում էին Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության կողմից տարվող քաղաքականությունը և կանխատեսում էին բոլոր հնարավոր և անհնար դռների փակում, վերջակետ հարաբերություններում և այլն: Մենք հիշում ենք, որ այս ամբիոնից նման քննադատություններ ժամանակին հնչել են»,- ասաց Ֆարմանյանը:

Սամվել Ֆարմանյանը համաձայնագիրը կարևորեց նաև Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Նրա գնահատմամբ՝ մենք վաղուց հաղթահարել ենք պատմական այն շրջափուլը, երբ անվտանգություն դիտարկվում էր միայն տվյալ երկրի վրա գործադրված էքսպանսիան:

«Մենք գիտենք, որ կան աշխարհաքաղաքական բևեռներ, շահեր, այդ շահերի բախում և այդ բախման համատեքստում առաջացող անվտանգության մեծ մարտահրավերներ: Այս համաձայնագրով պատմական մի ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքական շահերի հակադրության, երբեմն նաև թվացյալ այլընտրանքներ չհանդուրժելու իրականության պայմաններում Հայաստանին հաջողվել է դառնալ յուրահատուկ կամուրջ այդ բևեռների միջև»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս