Բաժիններ՝

Միլիոնների թերհավաքագրումներ՝ ընդերքօգտագործման ոլորտում

ՀՀ վերահսկիչ պալատն անցած տարի ստուգել է ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և ընդերքի օգտագործման (ոչ մետաղական հանքավայրեր) նկատմամբ վերահսկողության հետ կապված խնդիրները 2016-2017թթ. համար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և Բնական պաշարների ու բնապահպանության նախարարություններում:

ՎՊ-ն իր եզրակացությունում փաստել է, որ հանքարդյունաբերության ոլորտում զբաղված ընկերությունների իրացման շրջանառության ծավալների նվազում է արձանագրվել` 2014 թ. տարեկան 616.8 մլրդ դրամ իրացման շրջանառության համեմատությամբ, 2016 թ-ին այն նվազել է 46.9 մլրդ դրամով կամ 7.6%-ով և կազմել 569.9 մլրդ դրամ, իսկ ոլորտում ընդգրկված ընկերությունների համախառն շահույթը նշված ժամանակահատվածում նվազել է 21.6%-ով` 102.5 մլրդ դրամից հասնելով 80.3 մլրդ դրամի:

ՎՊ-ն արձանագրել է պետական սեփականության հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի (թույլտվությունների) դիմաց ՀՀ պետբյուջե գանձվող պետտուրքի շարունակաբար թերհավաքագրումներ, որի հետևանքով անցած տարեվերջի դրությամբ կուտակվել են 488.8 մլն դրամ պարտավորություններ:

Ոչ մետաղական հանքավայրերի մասով ընդերքօգտագործողների կողմից դրամագլխին նախատեսվել է վճարել 471.7 մլն դրամ, սակայն փաստացի վճարվել է 241.1 մլն դրամ, այսինքն` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին պարտավորությունը 2017 թ. հունիսի 1-ի դրությամբ կազմել է գրեթե 230.6 մլն դրամ:

Օգտակար հանածո արդյունահանող 92 կազմակերպությունների ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է, սակայն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի պարտավորությունը 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է գրեթե 121.2 մլն դրամ:

ՎՊ-ն գտնում է, որ լիազոր մարմինը կարող էր դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը, ինչը չի արվել, իսկ հրաժարման հավաստագրերը տրամադրվել են առանց ֆինանսական պարտավորությունները հավաստող փաստաթղթերի` խախտելով կառավարության որոշումները:

Պարզվել է նաև, որ շրջակա միջավայրի պահպանության նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացված արտաբյուջետային հաշվին 2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակվել են 1.2 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ, սակայն տվյալ հաշվից հատկացումներ չեն կատարվել, քանի որ բնապահպանական միջոցառումներ չեն իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս