
Կյանքի երկարացումը՝ քաղցաբուժության միջոցով

Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները ցույց են տվել, որ ամենօրյա սննդաբաժնում կալորիաների քանակի նվազեցումը երկարացնում է պրիմատների կյանքը: Հետազոտողներն այս եզրակացությանն են հանգել լեմուրների մասնակցությամբ գիտափորձի արդյունքների հիման վրա: Այդ մասին հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի տեղեկագրում:
Երկարատեւ հետազոտության ընթացքում մասնագետները գնահատել են մկնալեմուրների (Microcebus) կենսունակությունը, որոնց կերի կալորիականությունը 30 տոկոսով կրճատվել էր: Գիտափորձը շարունակվել է 10 տարի: Փորձարկվող խումբը, որտեղ կենդանիները սննդակարգի էին նստեցված, համեմատել են հսկիչ խմբի հետ, որտեղ լեմուրները սնվել են սովորական կերով:
Պարզվել է, որ առաջինների մոտ կյանքի տեւողությունը 50 տոկոսով մեծացել է: Այն կենդանիների մեկ երրորդը, որոնց համար սահմանափակել էին կալորիաների սպառումը, դեռ ողջ է եղել, երբ երկրորդ խմբի վերջին լեմուրը սատկել է 11,3 տարեկան հասակում: Միջին հաշվով, հսկիչ խմբի պրիմատներն ապրել են 6,4 տարի, իսկ փորձի խմբինը՝ 9,6 տարի:
Դրական արդյունքն ուղեկցվել է այնպիսի տարիքային հիվանդությունների հաճախության նվազմամբ, ինչպիսիք են քաղցկեղը եւ շաքարախտը, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվության եւ ճանաչողական ունակությունների պահպանմամբ: