«Մենք այդ որոշումը մոտ ապագայում կընդունենք». ՀՀԿ-ական պատգամավորը՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին

«Gallup International» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 22-30-ն իրականացրել է սոցիալական հետազոտություն, որի համաձայն՝ hայաստանցիների մի մասը ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, մյուս մասը՝ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս հարցի վերաբերյալ 168.am-ը զրուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

– Տիկին Աճեմյան, ինչպե՞ս եք գնահատում «Gallup»-ի հարցման արդյունքները:

– Պետք է ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մենք կառավարման կուրս ենք փոխել, դուք գիտեք, որ 2017-ի ապրիլին, երբ ընտրվել է նոր խորհրդարանը, ամենաշատ ձայները տրվել են ՀՀԿ-ին: Փաստորեն, Կարեն Կարապետյանը նաև ամբողջ քարոզարշավի ժամանակ ունեցել է դերակատարում: Հարցման արդյունքների առումով համարում եմ, որ հնարավոր է, որ հասարակության մի մասը գնահատում է դրական, քանի որ կան ցուցանիշներ տնտեսական աճի, և դրա հետ կապված՝ հնարավոր է, որ գնահատում են այդ աշխատանքը, բայց նոր իրականության մեջ խորհրդարանն է, որ պետք է ընտրի վարչապետին:

Դուք գիտեք, որ օրեր հետո իշխող կուսակցությունը որոշում կընդունի վարչապետի թեկնածու առաջադրելու մասին և այդ որոշման համաձայն էլ ընտրություններ կանցկացնի: Նորմալ եմ ընդունում այդ արդյունքները, գնահատական է, որ հնչում է: Մենք և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ, և՛ արդար, և՛ ոչ արդար շատ գնահատականներ ենք լսում, բայց քաղաքական գործիչներն ավելի լավ, մոտիկից գիտեն և ՛ արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք մենք ունենք, և՛ դրանց լուծման ճանապարհները: Այն, ինչ կորոշի ՀՀԿ-ն իր ներսում, այդպես էլ կշարժվի:

– Այդ հարցման արդյունքները, հանրության տրամադրությունները չե՞ն կարող ազդել ձեր կուսակցության մեջ որոշման վրա:

– Շատ գլոբալ հարցերում մենք արդեն կողմնորոշվել ենք, և ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի անհատականությունը և անցած ճանապարհն ընդհանրապես կասկածի տակ առնել չի կարելի՝ հատկապես քաղաքական գործիչների մոտ, որովհետև իրենք ավելի մոտիկից գիտեն բոլոր խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Եթե մենք տեսնում ենք մեր կուսակցության առաջնորդին այդ պաշտոնում, նշանակում է՝ ունենք որոշակի ձևավորված կարծիք և տեսլական:

Ինչ վերաբերում է ժողովրդի կարծիքին, ես կուզեի ասել, որ մի քիչ պարզ չեն պատկերացնում կառավարման համակարգի անցումը, որովհետև խորհրդարանական կառավարման դեպքում իրականում համար առաջին պաշտոնյան վարչապետն է և սարսափելի մեծ պատասխանատվություն կրող անձ է լինելու, իսկ քանի որ Սերժ Սարգսյանը մեր կուսակցության ղեկավարն է, ես կարծում եմ, որ մեր որոշումներում մենք բոլորս էլ շատ զգոն պետք է լինենք, և այն, ինչ ընդունվի իշխող կուսակցության կողմից, մենք կարող ենք իրականացնել:

– Ուզում եք ասել, որ հիմնականում ՀՀԿ-ակաների մոտ հստակ է, որ Սերժ Սարգսյա՞նն է լինելու վարչապետի թեկնածուն, և վարչապետի այլ թեկնածուի անուն չի՞ հնչում ձեր կուսակցությունում:

– Մենք դեռ քննարկում չենք ունեցել, բայց տրամաբանությունը, բոլոր գործընթացները տանում են նրան, որ մենք այդ որոշումը մոտ ապագայում կընդունենք, բոլոր գործընթացները տանում են դրան:

– Որ Սերժ Սարգսյա՞նը լինի վարչապետը:

– Այո:

Տեսանյութեր

Լրահոս