
Պայթյուն Հյուսիսային պողոտայում. Ոստիկանությունը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել

Ապրիլի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 հոգի, որոնցից 6-ը` անչափահասներ։
Դեպքի վայր մեկնած տարբեր իրավապահ կառույցների ներկայացուցիչները պարզել են, որ նախնական տվյալներով՝ պայթել է վաճառասեղանի տակ գտնվող գլանանոթը, ինչի հետևանքով էլ հաճախորդները վնասվածքներ են ստացել։
Նշանակվել են պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։