«Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. 8 անձ ճանաչվել է տուժող
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով՝ բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
8 անձ ճանաչվել է տուժող: Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե