Բաժիններ՝

«Եթե հայ պաշտոնյան դառնում է երեխայի համար օրինակ, դա արդեն կործանում է». Կարեն Վարդանյան

Հարցազրույց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ

– Պարոն Վարդանյան, ArmHiTec-2018 ցուցահանդեսին ներկայացված հայ ինժեներների աշխատանքները շատ քննարկվեցին։ Հատկապես շատ խոսվեց հայկական արտադրության մահապարտ ԱԹՍ-ի մասին։ Հետաքրքիր է՝ հայկական արտադրության սարքավորումները,  օրինակ՝ այդ ԱԹՍ-ն, մրցունա՞կ է իսրայելական սարքերի համեմատ։

– Այդ սարքի մասին կդժվարանամ ասել։ Այնտեղ ավելի կարևոր գործիք կար, որն արդեն շատ լուրջ փորձարկում է անցել․ դա հետախույզ թռչող սարքն էր, որը կարող է հետախուզություն կատարել, կրակի կառավարում անել, և այլն։ Ներկայացված մեծ ավտոբազա գործիքը, որ ստեղծված է ԱԹՍ-ներն իջեցնելու, վառելու, փչացնելու համար, ևս կարևոր էր, և փորձարկումների ժամանակ մեր այդ ԱԹՍ-ն կարողացել էր խուսափել վնասազերծվելուց։ Դա շատ բարձր արդյունք է, որովհետև Սիրիայում ռազմական պայմաններում 2018թ. արտադրված ռեպիլենտը և՛ իսրայելական անօդաչուներին էր իջեցրել, և՛ այլ, բայց մերը կարողացավ խուսափել։

Սա խոսում է շատ բարձր որակի մասին, մշակողները հաշվի են առել, որ նման գործիքներ են կիրառվելու, և կարողացել են հասկանալ՝ ինչպես խուսափել սարքի խոցումից։ Մի քանի գործիքների փորձարկումներ էլ արդեն սկսվել են։ Ընթացքը նորմալ է, հիմա կարևորը հրամանն է։

Այդ գործիքները պետք է այնքան շատ լինեն, որ ամբողջ ֆրոնտը փակեն, և առկա հարվածային գործիքները կարողանան մինչև 100 կմ-ը խոցել հակառակորդի՝ մեր դիմաց կանգնած ուժերը։ Միաժամանակ՝ դրանք մի քանի ժամվա մեջ ուղղակի պարտության մատնելու կոնցեպտով են սարքված։ Հիմա գնդակը պետության, ՊՆ-ի դաշտում է, թե ինչքանով պետությունը պատվեր կտա, որ այդ գործիքների զանգվածային արտադրություն լինի, և ապահովենք ամբողջ ռազմական գիծը ոչ միայն՝ Արցախի, այլև՝ մյուս ֆրոնտներում։ Այնպես չէ, որ Արցախի ֆրոնտն ամենավտանգավորն է․ շատ ավելի վտանգավոր է Նախիջևանը, որտեղից Երևանին սպառնում է լուրջ վտանգ։ Շատ բարդ զենք էլ պետք չէ Երևանին հարվածելու համար։

Աշխարհաքաղաքական վիճակը շատ բարդ է, և միայն մեզ նման հավ ժողովուրդը կարող է այսքան անհոգ լինել, այսքան չմտածել իր ճակատագրի մասին, այսքան չմասնակցել իր երկրի պաշտպանությանը։

– Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: «Ընդունվել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, որի գլխավոր նպատակը մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի, բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալն է»,- ասել է նա։ Դուք այս ամենից տեղյա՞կ եք, համագործակցության ի՞նչ ձևաչափ կա։

– Ես ցուցահանդեսում բազմաթիվ օտարերկրացի մասնագետներ տեսա, որոնք հետաքրքրված էին մեր արտադրանքներով, ինչը գովելի է։ Մենք, իհարկե, պետք է արտահանումը խրախուսենք, բայց մեր առաջին խնդիրը դա չէ, այլ առաջնագծից երիտասարդներին հանելն է, փոխարինելն ավտոմատ կրակակետերով, անհրաժեշտության դեպքում՝ մաքրել որոշակի տարածք, իսկ զինվորներին հետ քաշել, տալ լեռնահրաձիգի պատրաստություն, որ ավտոմատ գործիքների աշխատելուց հետո նրանք կարողանան հակահարված տալ, հարձակվեն, մանևրեն, և այլն։

Խրամատում զինվոր պահելու այսօրվա վիճակը ձեռնտու է եղել միայն այն գեներալներին, որոնք այդտեղ փող են աշխատել։ Այսինքն՝ դա ո՛չ զինվորների շահերից է եղել, ո՛չ բանակի։

Խնդիրը, ընդհանրապես, երկրի պաշտպանության կոնցեպտը փոխելն է։ Ընդ որում՝ մենք զորքեր ունենք, որ այդ կոնցեպտով աշխատում են՝ պետանվտանգության զորքերը, սահմանապահ զորքերը, որոնք հենց այդպես էլ աշխատում են։

Այսինքն՝ էլեկտրոնիզացված է սահմանը, կրակակետ դրված չէ, բայց երբ սահմանը խախտվում է, հատուկ զորքերն անմիջապես ռեակցիա են տալիս։ Ընդ որում՝ արդեն այդ գործիքները կան, եթե նախկինում դա չկար, դժվար էր անել, այսօր փորձարկվել են, կան, ԼՂ պայմաններում են փորձարկվել, և կարող ենք ներդնել։ 1994թ. հաղթանակած մեր կենցեպցիան մի կողմ դրեցինք, անցանք ռուսական կոնցեպցիային․ ցամաքային զորքերի կարգը վերցրինք այն դեպքում, երբ այն ժամանակ մենք հաղթել էինք, մեր զորքերը կազմված էին փոքր ջոկատներից, որոնք հիմնականում ընկերներ էին, իրար հետ երկար կռված մարդիկ էին, մեծ վստահությամբ, իրար հասկանում էին, գիտեին դերերի բաժանումը։

Այս ցամաքային զորքերի ռուսական կոնցեպտը հարթավայրում կռվելու համար է ստեղծված, մեծ զորամիավորումների համար, որը բացարձակ չի համապատասխանում մեր մենթալիտետին, աշխարհագրությանը, պահանջներին։ Դա շատ արագ պետք է փոխվի։

– Այդ հարցի վերաբերյալ քննարկումներ ունեցե՞լ եք պաշտպանության նախարարի հետ, Ձեր առաջարկներն իրեն արե՞լ եք։

– Ես հիմա իմ կարծիքն եմ ասում, բայց գիտեմ, որ պրոֆեսիոնալներն էլ քննարկում են ունեցել և այդ կարծիքն են հայտնել։ Ես կարող եմ իմ կարծիքն ասել նոր տեխնոլոգիաների, զինատեսակների մասին։

– ՊՆ-ի հետ  ՏՏ ոլորտի համագործակցության ձևաչափն ինչպիսի՞ն է, բավարար միջոցներ հատկացվո՞ւմ են։

– Միջոցները ՏՏ ոլորտի համար չեն, թեթև միջոցներ են՝ նախատեսված այն ձեռնարկությունների համար, որոնք այսօր նոր բաներ են ստեղծում։ Ընդհանուր ՏՏ ոլորտի հետ համագործակցություն, որպես այդպիսին, չկա։

Մենք հանդիպում ենք ունեցել նախարարի հետ, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ռազմաարդյունաբերության գծով փոխնախարարի հետ, որոշ հետաքրքիր պրոյեկտներ նախանշել ենք, բայց ՊՆ համակարգը շատ դանդաղ աշխատող և անորակ է, պետք է այն կտրուկ փոխվի։

1994թ. այս կողմ այդ համակարգը խեղաթյուրվել է՝ բոլոր առումներով, և այսօրվա մարտահրավերներին չի համապատասխանում։ Բայց նախարարությունն ինչքան էլ ցանկանա, միայնակ չի կարող փոխել դա։ Դրա համար ես «Ազգ-բանակ» կոնցեպտն ընկալում եմ, բայց մի քիչ այլ կերպ․ պետք է հասարակական կառույցներ ստեղծել, որոնք առնչվում են բանակի տարբեր գործառույթների հետ։

Օրինակ՝ նույն զորամասում երեխաներ ունեցող ծնողները կարող են հավաքվել և ծնողական կոմիտեներ ստեղծել, վերահսկել արձակուրդ գնալու պրոցեսները, մաքրությունը, սնունդը, և այլն։ Դա շատ մեծ օգուտ կտա բանակը փոխելու համար։

Կամ՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք ուղղված կլինեն, օրինակ՝ մոբիլիզացիայի պրոցեսը վերահսկելուն, այսինքն՝ նախկին զինվորականները, հետախույզները հավաքվեն, ինչ-որ ասոցիացիաներ ստեղծեն, վերահսկեն մոբիլիզացիայի պրոցեսը։ Մենք այսօր չգիտենք, թե յուրաքանչյուրս ինչ պետք է անի մոբիլիզացիայի ժամանակ, ինչպես՝ ապրիլյան դեպքերի ժամանակ Ստեփանակերտի հրապարակը լցված էր, ոչ ոք չգիտեր՝ ում որտեղ ուղարկի։ Այսինքն՝ այս ամենը հասարակությունն ինքը պետք է անի, ինչը ցույց կտա, թե ինչքանով է հասուն հասարակությունը։

– Պարոն Վարդանյան, երբ հասարակությունն ակտիվանում է, ասում են՝ բանակը փակ կառույց է, իսկ երբ իրենց պետք է, ասում են՝ «Ազգ-բանակ» պետք է լինի։

– Իրենք շատ բան կարող են ասել, խնդիրը դա չէ։ Եթե իմ երեխան բանակում է, ես շահագրգիռ եմ և՛ բանակով, և՛ իմ երեխայով, եթե ես իրենց ասածին եմ նայում, կարող եմ տնից դուրս չգալ։

Շատ բան կարող են ասել։ Մարդը քաղաքացի է, հարկ է մուծում, այդ հարկով բանակը պահվում է, իր ընտանիքի անդամը գնում է բանակ։ Իհարկե, բանակը փակ կառույց է, բայց բանակի մեջ այնքան բաց բաներ կան։

Օրինակ՝ նույն բանակն այնպիսի ինֆորմացիա է տալիս ՀԱՊԿ-ին կամ ՆԱՏՕ-ին, որը կարող է համարվել պետական գաղտնիք, բայց պարբերաբար տալիս է։ Հիմա, եթե ՀԱՊԿ-ին վստահում եք, ապա ծնողներին կամ հայ մասնագետներին պետք է վստահեք։ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն այդ տվյալները տալիս են Ադրբեջանին, չէ՞, հետևաբար, եթե Ադրբեջանին ինֆորմացիա են տալիս, ապա թող բացեն՝ մասնագետներն էլ նայեն, որ կարողանան փոխել իրավիճակը։ Շատ կարևոր է, որ հասարակությունը բանակի հետ ապրի։

– Ձեր խոսքից ստացվում է, որ  ՏՏ ոլորտի պոտենցիալը շատ մեծ է, բայց, ինչպես հասկացա՝ շատ փոքր ծավալների աշխատանք է արվում։

– Իմ գնահատականով՝ օգտագործվում է ոլորտի հնարավորությունների 1 տոկոսը։

– Պատճառը ֆինանսավորո՞ւմն է։

– Ոչ, պատճառը մարդկանց գլուխների մեջ է։ Ֆինանսները որևէ լուրջ պրոյեկտի մեջ խնդիր չեն լինում։ Քանի որ մենք սովոր ենք, որ այս ընթացքում մեր շատ բարձրաստիճան սպաներ կապված են դրսի գործարանների, ռուսական բանակի հետ, և այլն, նրանք անգամ վախենում են մեր զինատեսակները պատվիրել, որովհետև կարող է գլխներին տան։ Օրինակ՝ էլ չկարողանա գնալ Ռուսաստան՝ թոշակ ձևակերպի, եթե իր գծով հայկական զենք արտադրվի։ Ինձ այդպես է թվում, որ մեր բարձրաստիճան սպաներից շատերը վախենում են՝ Ռուսաստանում իմանան, որ իրենք նպաստում են հայկական զենքի արտադրությանը։

– Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները նմուշնե՞ր են, թե՞ գործնական կիրառություն ունեցող սարքավորումներ էլ կան։

– Ես բոլորի մասին չեմ կարող ասել, բայց ինչքան ես եմ տեսել, դրանք ավելի շատ նմուշներ են, գուցե փորձարկում անցած, բայց զանգվածային լուծումներն այդքան շատ չեն։ Մենք խոսում ենք բարձր տեխնոլոգիական զենքերի մասին։

– «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը, որը մշակել և հրապարակել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, հանրության շրջանում արժանացել է բավական կոշտ գնահատականների, փաստաթուղթը համարվեց երեխաներին զանգվածաբար զինվոր դարձնելու փորձ։ Փաստաթղթում՝ որպես ներքին մարտահրավեր, նշվում է «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը»։ Դուք ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։

– Այդ նախադասությունն  ուղղակի ապուշություն է։ Համաշխարհային մշակույթը կազմված է ազգային մշակույթներից, և միայն այդ շփման մեջ է, որ մարդը զարգանում է, այսինքն՝ տարբեր աղբյուրներից խմում ես, և չես կարող ասել, որ, եթե սա Հայաստանի աղբյուրը չէ, ես ջուր չեմ խմում։ Դա ապուշություն է։

Կարող է՝ իրենք ուրիշ բան են նկատի ունեցել, բայց գրել են վտանգավոր բան, որը կարող են տարբեր ձևերով օգտագործել։ Ռազմահայրենասիրական դաստիարակության համար ամենամեծ վտանգը հայ չինովնիկն է, հայ դեպուտատը, հայ պաշտոնյան՝ իր վարքագծով, առօրյայով, և այլն։ Դրանից վատ օրինակ չկա։ Իսկ երեխաները սովորում են ոչ թե գրված կոնցեպտներով, այլ օրինակներով։ Եվ եթե հայ պաշտոնյան դառնում է երեխայի համար օրինակ, դա արդեն կործանում է։ Երեխաներին պետք է օրինակներով դաստիարակել, իսկ օրինակները թափված են փողոցներում, հեռուստատեսությունում՝ ապազգային, լպիրշ վարքագիծ, որ մենք ամեն օր տեսնում ենք։

Լպիրշությունն ուղղակի ցուցադրվում է՝ որպես սովորական կոմունիկացիա։ Դրան գումարած՝ սերիալները, որոնք միտումնավոր արված են, որպեսզի երիտասարդի մոտ ոչնչացնեն ռազմահայրենասիրական դաստիարակությունը, և այս թուղթը զուտ արդարացում է ծնողների համար, որ երեխաները վարի են գնում, իսկ իրենք ասեն՝ մենք դպրոցների համար ռազմահայրենասիրական դաստիարակության փաստաթուղթ ենք ընդունել։ Եթե ինչ-որ մեկն անկեղծ ուզում է ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվել, առաջին հերթին հեռուստատեսության բովանդակությունը պետք է փոխի։ Եթե չի փոխում, մնացածը սուտ է և բլեֆ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս