Գյումրու Չերքեզի ձոր տանող ճանապարհը վերանորոգվելու է
Վերջերս Գյումրու Չերքեզի ձորի աղբակույտի կողքին ձորի բնակիչներից մեկը «Պազ» մակնիշի մեքենաների թափքեր էր բերել-լցրել:
Տեսարանը, ըստ բնապահպանների, ահավոր տգեղ է, հատկապես, որ Չերքեզի ձորը համարվում է Գյումրու կանաչ գոտիներից մեկը: Կանաչապատ ձորը բնակիչների կողմից ավտոմեքենաների թափքերի գերեզմանոցի է վերածվում:
168.am-ը Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակից փորձեց ճշտել` ո՞վ պետք է տեղի բնակիչներին պատասխանատվության ենթարկի իրենց նման վարքագծի համար, քաղաքաետարանը տեղյա՞կ է խնդրից, ինչ-որ միջոցներ կարո՞ղ են կիրառել իրավիճակը կանխելու համար:
«Քաղաքապետարանը տեղյակ է Չերքեզի ձորում առկա իրավիճակի մասին: Ձորի բարեկարգման մասով առկա է ծրագիր, առայժմ նախաձեռնվում է Չերքեզի ձոր տանող ճանապարհի վերանորոգում, այնուհետև նաև նախատեսվում է տարածքի բարեկարգում»,- նշեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը:
Գյումրու քաղաքապետարանից առայժմ չեն մանրամասնում` քաղաքապետարանն ի՞նչ միջոցներով է իրականացնելու դեպի ձոր տանող ճանապարհի վերանորոգումը:
Մեզ նաև անհայտ է` ձոր տանող ո՞ր ճանապարհն է վերանորոգվելու` ֆուտբոլի մարզադաշտի հետևի մասից դեպի ձոր տանո՞ղ, թե՞ նախկին «Բալատոն» վարժարանի մոտից անցնող՝ դեպի ձոր տանող ճանապարհը:
Միաժամանակ նշենք, որ քաղաքապետարանի` ձորը բարեկարգելու ծրագիրը բավական ուշացած է, քանի որ դրանից առաջ այն պետք է ազատել աղբի հսկայական շերտերից, ինչն աշխատատար և ծախսատար գործընթաց է:
Ամեն դեպքում, Չերքեզի ձորի հիմնախնդրի հետևողական լուսաբանումը մեր կողմից իր արդյունքն է տալիս, գոնե քաղաքապետարանից հուսադրող լուրեր են մեզ հասնում, որ այն բարեկարգվելու է, այլապես ձորը կկորցնի իր գրավչությունը մարմնամարզությամբ զբաղվողների և զբոսաշրջիկների համար, որտեղ տեղաբնակները ո´չ միայն աղբ են թափում, երբեմն՝ նաև շրջանցելով աղբամանները, այլև՝ վնասել են նախկին «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ընկերության կողմից անցկացված նոր ջրագծերի պաշտպանիչ շերտը:
Անահիտ Սիմոնյան