Բաժիններ՝

Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել է աշխարհի վերջի հնարավոր սցենարների մասին

Օրերս կյանքից հեռացավ մեծագույն գիտնական, հանրահայտ ֆիզիկոս և աներևակայելի խելացի մարդ Սթիվեն Հոքինգը: Բժիշկները 21 տարեկանում նրա մոտ անբուժելի ծանր հիվանդություն ախտորոշելուց հետո գուժեցին վաղաժամ մահ, սակայն դրանից հետո նա ապրեց ու աշխատեց կես դարից ավելի, չնայած գամված էր անդամալույծի սայլակին ու շփվում էր միայն խոսքի սինթեզատորի միջոցով:

Հոքինգը գրել է կարևոր գիտական աշխատություններ և շատ գիտահանրամատչելի գրքեր: Նրան համեմատում էին Ալբերտ Էյնշտեյնի և Իսահակ Նյուտոնի հետ, իսկ նրա բոլոր նախազգուշացումներն ընդունում էին առանձնահատուկ լրջությամբ: Խոսենք դրանցից մի քանիսի մասին:

Հոքինգը մարդկության համար աշխարհի վերջի 4 սցենար էր կանխատեսում՝ միջուկային պատերազմ, արհեստական ինտելեկտի շեշտակի զարգացում, որը շուտով կարող է գերազանցել մարդկային ինտելեկտը, պատահաբար կամ մտածված ստեղծված վիրուսներն ու գլոբալ տաքացումը:

Կարդացեք նաև

Վերջին սպառնալիքի շրջանակներում նա շարունակ քննադատում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Դեռևս նախագահական ընտրարշավի ժամանակ նա խոստացել էր, որ ԱՄՆ-ը կդադարեցնի իր մասնակցությունը 2015թ. Փարիզյան համաձայնագրին, որի գլխավոր նպատակը գլոբալ տաքացման տեմպերն ածխաթթու գազերի արտանետումը քչացնող կարգավորումների միջոցով նվազեցնելն է:

2017թ. ԱՄՆ-ը այնուամենայնիվ դուրս եկավ համաձայնագրից: Թրամփը հայտարարեց, որ այդ համաձայնագրի դիրքերը չափազանց անարդար են ԱՄՆ-ի նկատմամբ: Բացի դրանից, դրա իրացումն Ամերիկայի համար կարժենա 3 տրիլիոն դոլար գումար և 6.5 միլիոն կորցրած աշխատատեղ: Նախագահ Թրամփի խոսքերով՝ Փարիզյան համաձայնագիրը կարող է քայքայել երկրի տնտեսությունը ու խաթարել հանքարդյունաբերության աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ Թրամփը բաց է մնում բանակցությունների համար:

Եվրոպական առաջնորդները բացասաբար արձագանքեցին այդ հայտարարությանը. Նրանք չեն պատրաստվում վերանայել համաձայնագիրը մեկ երկրի պահանջով: Արդյունքում՝ ԱՄՆ-ը, Սիրիայի ու Նիկարագուայի հետ միասին, հայտնվեց այն պետությունների թվում, ովքեր չեն մասնակցում Փարիզյան համաձայնագրին: Մի շարք բնապահպաններ ու գիտնականներ իրենց անհանգստությունը հայտնեցին Թրամփի գործողությունների կապակցությամբ:

Սթիվեն Հոքինգը համարում էր, որ գլոբալ տաքացման սպառնալիքը մոտ է, ինչպես երբեք: Բայց մենք հնարավորություն ունենք կանխել այն, եթե համախմբված գործենք հենց հիմա: Հարցազրույցներից մեկում Հոքինգն ասել է, որ մենք մոտենում ենք այն վճռական պահին, երբ գլոբալ տաքացումն անդառնալի է դառնում: Թրամփի գործողությունները Երկիր մոլորակը կարող են հասցնել անդունդի եզրին, և այն կսկսի նմանվել Վեներա մոլորակին՝ 250 աստիճան ջերմությամբ ու ծծմբաթթվի անձրևով:  Գիտնականի կարծիքով՝ կլիմայի հսկայական փոփոխությունների ժխտումը հսկայական վնաս կհասցնի շրջակա միջավայրին, որն իրականում հնարավոր էր կանխել: Ու դրա մեղավորը նախագահ Թրամփն է:

Հիշեցնենք, որ դեռևս նախագահական ընտրարշավի ժամանակ Հոքինգը Թրամփին դեմագոգ էր անվանում: Նա համարում էր, որ նրա հաջողության ու հանրահայտության ֆենոմենը տրամաբանության դիրքերից բացատրել դժվար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս