Գյումրիում ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել
Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բողոքող ուսանողները պայքարում են բուհի ռեկտորի կամայականությունների դեմ:
«Բողոքող ուսանողները չեն մասնակցում դասերի, նրանք տարբեր կուրսերից են: Մեր նպատակին հասնելու համար դիմելու ենք բոլոր հնարավոր օրինական միջոցներին: Կրթության և գիտության նախարարը մամուլի ասուլիս տվեց, որից կարելի է եզրակացնել, որ ոչ մի բանից տեղյակ չէ: Օրինակ, ասում ենք, որ Ազգային ժողովից հանձնախումբ է եկել , որը բարձրաձայնել է բուհում առկա խնդիրների մասին, ինքն ասում է՝ ես տեղյակ չեմ այդ ամենի մասին: Այստեղ խնդիրը Կրթության և գիտության նախարարությանն է, իրավիճակն օբյեկտիվ գնահատելը:
Այս ամենը սրվեց, երբ ես իմ հստակ դիրքորոշումն արտահայտեցի այս ամենի շուրջ, և փորձ կատարվեց հստակ ազդեցություն գործել այն ուսանողների վրա, ովքեր փորձում են իրենց հստակ դիրքորոշումն արտահայտել: Իրենց փորձել են ճնշել, բաց իրենք եկել են: Սակայն շատերը մեզ կողմ լինելով, գիտական կոչում ունեցողների, դասախոսների, շատ մարդկանց կառավարման լծակներն օգտագործելով, խոստումներ և սպառնալիքներ տալով՝ պահվում են լսարաններում: Հիմա դասադուլ է: Կոնկրետ ես՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ, չեմ գնացել դասավանդելու, բոյկոտ եմ հայտարարել և ուսանողների կողքին եմ, մինչև աշխատանքից ազատված դասախոսները մեր օրինական պահանջով չվերադարձվեն աշխատանքի»,- ասաց Ա.Մելքոնյանը:
Վերջինիս խոսքով` իրենք նաև պահանջում են ուսանողների շահերի պաշտպանություն, պարտադիր ապահովել բուհի ֆինանսական վիճակի տեղեկատվության վերաբերյալ թափանցիկություն:
Բողոքող ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք բաց նամակ են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով աշխատանքից ազատված դասախոսներին ետ վերադարձնել աշխատանքի, քանի որ իրենք գտնում են՝ անհիմն են դասախոսներին աշխատանքից ազատել:
Ուսանողները նաև պահանջում են մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկություն, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի, Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի մասնակցությամբ:
Պահանջներից մեկն էլ բուհի պաշտոնական կայքում բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները, նույն թվականի ֆինանսական հաշվետվությունները և 2018 թվականի բյուջեի նախահաշիվը զետեղելն է:
Ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրուցեց նաև ՇՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը, ով նշեց, որ ՀՀ-ում որևէ վարչական հրաման կարող է բեկանել միայն դատարանը, ուստի ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի անհրաժեշտությունը չկար:
Նա նաև կարծիք հայտնեց, որ ուսանողների բողոքի ակցիան ուղղորդված է: Այնուհետև Ե.Սերոբյանն ուսանողներից հետաքրքրվեց, թե իրենց վերաբերող ո՞ր իրավունքն է խախտվել, որ դասի չեն նստում:
Ե. Սերոբյանի այս հարցադրմանն ի պատասխան՝ ուսանողները նշեցին.
«Առանց մեր կարծիքը հաշվի առնելու՝ մեր դասախոսներին հեռացրել են աշխատանքից»:
Ե. Սերոբյանն էլ նշեց, թե ՀՀ Աշխատանքային օրենսգրքում որևէ տեղ նշված չէ, որ նմանատիպ հարցերում ուսանողների կարծիքը պետք է հաշվի առնվի: 6 ամիս եղավ, ինչ այս իրավիճակը շարունակվում է.
«Մենք գտնվում ենք իրավական պետությունում: Եթե ռեկտորի կողմից տեղի են ունեցել մարդու իրավունքների ոտնահարում, եթե խախտվել են պարոնայք Համբարյանի և Խորիկյանի իրավունքները, դիմեք դատարան, թող պատժեն ռեկտորին, վերականգնեն մարդկանց իրավունքները: Ինձ գիտե՞ք՝ ինչն է մտահոգում՝ այս ամբողջ խաղի մեջ փորձում են ներքաշել ուսանողներին: Դուք ուսանողներին եք տեսնում, ես էլ եկեղեցու մոտ ուրիշ մարդու էի տեսնում, և դուք շատ լավ գիտեք, թե ում մասին է խոսքը: Եթե ես լինեի նրանց փոխարեն՝ կոչ կանեի ուսանողներին՝ չխաթարել դասապրոցեսը, կասեի՝ նստեք ձեր դասերին, ես իմ իրավունքները դատարանում կպաշտպանեմ»:
ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահն էլ ասաց, որ բուհում չի հանդուրժվում այլակարծությունը.
«Եթե դու չեզոք ես, դու թշնամի ես, անձամբ ռեկտորի մոտ ձևավորվում է թշնամական վերաբերմունք քո նկատմամբ»:
Լրագրողներից մեկն էլ ակնարկեց, թե դասախոսներից մեկը համարձակվել է լրագրողին ուղղորդել, թե ինչո՞ւ է խոսում իր ուսանողի հետ: Երվանդ Խոսրովյանն ի պատասխան՝ նշեց, թե նման պահվածքն իր համար անընդունելի է:
Անահիտ Սիմոնյան