Մսամթերքն ու ձկնեղենը թանկացել են

Քաղաքական կյանքը եռում է: Համենայն դեպս, նման տպավորություն կարող են ունենալ խորհրդարանական գործընթացներին հետևողները: Համարյա ամեն օր խորհրդարանական քաղաքական համակարգն ամբողջացնող օրենքներ են ընդունվում:

«Այդպես էլ պիտի լիներ». ուրախացած ասում են նրանք (հիմնականում՝ հանրապետականները) ում կարծիքով՝ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման:

Բայց իրականում բոլորն էլ հասկանում են, որ նոր համակարգը վարչապետական է լինելու: Եվ բոլորի համար էլ գլխավոր հարցն ապագա վարչապետի անձն է:

Չնայած՝ տարբերակները շատ չեն: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն փաստի վրա, որ, ԿԲ երբեմնի բառապաշարով ասած` «երկրում մոլեգնում է գնաճի հրեշը»: Խոսքն ընդհանուր, միջին ու համակշռված գնաճի ցուցանիշի մասին չէ: Վիճակագիրները միշտ էլ էժանացած ինչ-որ ապրանք կգտնեն, որ գնաճը միջինացնեն բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշի չափով: Խոսքն իրական սննդամթերքի նույնքան իրական գնաճի մասին է:

Այն անգամ վիճակագրական ծառայությունը չի կարողանում չնկատելու տալ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր պաշտոնական հաշվետարները կարձանագրեն, ասենք, մսամթերքի 14,1 տոկոս աճ՝ մեկ տարվա ընթացքում: Իսկապես հենց այդ ցուցանիշն էլ պաշտոնապես արձանագրվել է այս տարվա փետրվարն ամփոփելիս: 2018թ. փետրվարին պանիրը, օրինակ, 7,2 տոկոսանոց գնաճ է ունեցել՝ հընթացս առոչինչ դարձնելով «Հաց ու պանիր` կեր ու բանիր» ասացվածքը:

Պանիրն արդեն հասարակության վերնախավի սննդամթերք է: 2018թ. փետրվարին 2017-ի նույն ամսվա համեմատ անհավատալի գնաճ է ապրել մեկ այլ սննդամթերք` ձկան գնաճը պաշտոնապես 25,5 տոկոս է:

Ընդունեք, որ նման գնաճի պարագային միայն մեր իշխանությունների արիությունն ունենալու դեպքում է հնարավոր խորհրդարանական քննարկումներ կազմակերպել ու ընդունել «Օրենք հանրաքվեի մասին»: Մինչ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է պարզել, թե ինքն ինչպես է քվեարկել այս օրենքի առաջին ընթերցմամբ ընդունվելիս, մեր վիճակագիրները փորձում են գնաճը տեղավորել 3-3,1 տոկոսի միջակայքում:

Մոտ մեկ ամիս առաջ նրանք այս ցուցանիշն ապահովեցին՝ հայտարարելով, որ էժանացել է շաքարավազը: Պարզ էր, որ այս ամիս միայն շաքարավազի գնի անկման հիշատակումը բավարար չէր կարող ընկալվել: Փետրվարի համար էժանացող նոր ապրանքատեսակ հայտարարվեց միրգը: Միրգը մի տեսանկյունից՝ դիտարկված գնանկում է ապրել 0,6 տոկոսով: Իսկ մեկ այլ տեսանկյունից` միանգամից 2 տոկոսի չափով: Մեր վիճակագիրներին կարելի է բարի լուր տալ` փակ է Վերին Լարսը: Լրացուցիչ կարելի է նրանց տեղեկացնել, որ Ռուսաստանն արգելել է հայկական ելակի մուտքը:

Ասածից բարդ չէ եզրակացնել հետևյալը` եթե ռուս-վրացական սահմանից վերադառնան Օհանավանի խնձորով բարձված բեռնատարները, ապա մրգի գինը պարզապես կգահավիժի: Իսկ դա հնարավորություն կտա մարտ ամսվա գնաճի ցուցանիշն այնքան «նվաստացնել», որ այն լիուլի կբավարարի ողջ տարվա կտրվածքով: Մեր վիճակագիրների էկլեկտիկ մոտեցումն իրենց մասնագիտությանը վաղուց է հայտնի:

Բերենք օրինակ փետրվարի սպառողական գների ինդեքսի մասին հրապարակումից. «Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. փետրվարին՝ հունվարի համեմատ, բանջարեղենի գները նվազել են 13,9-4,4 տոկոսով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք, Հրազդանում), մեկում գրանցվել է 0,6 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը»: Հիմա, եթե որևէ մեկը փորձի պարզել, թե որքան է կազմում բանջարեղենի գնանկումը, կստանա «3,9-4,4 տոկոս» սպառիչ ու ոչինչ չասող պատասխանը:

Իհարկե, հայտարարվում է նաև, որ բանջարեղենի միջին գնանկումը 7,5 տոկոսի չափով է: Մի փորձեք քննարկել ու պարզել, որ այս ամիսներին ամենամեծ պահանջարկն ունեցող բանջարեղենը` կարտոֆիլը, մեղմ ասած, չի էժանացել: Կարտոֆիլի փոխարեն՝ փետրվարին ձմերուկն ու բադրիջանն են էժանացել: Հետո՞ ինչ, որ դրանք մեծ պահանջարկ չունեն:

Կարևորը՝ հնարավորություն են տալիս խոսել բանջարեղենի գնանկման մասին` մասնավորապես, և գնանկման մասին` ընդհանրապես: Ի վերջո, նվազել են նաև կոշիկի ու հագուստի գները՝ 3,8 և 0,9 տոկոսներով՝ համապատասխանաբար: Սովորաբար այդպես էլ լինում է: Եթե անհրաժեշտ է ոչ պարենային ապրանքների գնանկում հաշվարկել փետրվար ամսին, ապա գնում ես խանութ ու արձանագրում տաք ու ձմեռային կոշիկ-հագուստի գները: Հավատացնում եմ, փետրվար-մարտ ամիսներին ձմեռային հագուստի գները միշտ նվազում են:

Ճիշտ այնպես, ինչպես սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ամառային հագուստ-կոշկեղենի գները: Այնպես որ, հարկավոր է ճշգրիտ մեթոդաբանություն մշակել: Մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա միշտ գնանկում արձանագրել՝ առանց որևէ աճպարարության:

Տեսանյութեր

Լրահոս