
«Ինժեներական քաղաքի ստեղծմամբ կանխատեսվում է 30 տոկոսով արտահանման ծավալների աճ». Սուրեն Կարայան

Կառավարությունը հավանություն տվեց Ինժեներական քաղաքի ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն դոլարի ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը կհամաֆինանսավորվի ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի կողմից: Նախքան ծրագրի ինքնածախսածածկ դառնալը նախատեսվում է, որ ծրագրի հետ կապված ծախսերը ֆինանսավորվելու են «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի սահմանում:
Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40 տոկոսով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30 տոկոսով արտահանման ծավալների աճ»,- ասաց նա:
Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու գտնվող տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի և Գիտության ու տեխնոլոգիաների թանգարանները: