«Ռուսաստանը Թուրքիային չի վստահել, չի վստահում և չի վստահի. դուք հանգիստ եղեք». Վլադիմիր Եվսեև
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի վրա չեն տարածվի, եթե նա փորձի զենք գնել Ռուսաստանից։ Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը տեսազանգի միջոցով միացած ռուս փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները տարածվում են միայն ռուսական ընկերության վրա.
«Դրանք չեն տարածվում այն երկրների վրա, որոնք ռուսական ընկերությունից զենք են գնում, դա անհնար է անել իրավաբանորեն։ Դրա համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի այն երկրների դեմ, որոնք զենք են գնում ՌԴ-ից, բայց նրանք կարող են նվազեցնել տվյալ երկրին տրվող իրենց օգնությունները, նվազեցնել ծրագրերի քանակը, ամերկյան ֆինանսական միջոցները, որոնք այնտեղ իրականացվում են, և այլն։ Այսինքն՝ կարծում եմ, որ ուղղակի ճնշումներ այն երկրների վրա, որոնք զենք են գնում ՌԴ-ից, չեն լինի։ Դրա համար չպետք է զգուշանալ, թե, եթե, օրինակ՝ փետրվարին Հայաստանը Ռուսաստանից զենք գնի, նրա նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կկիրառվեն»։
Եվսեևի խոսքով՝ հայկական լոբբին, որն ակտիվ է ԱՄՆ-ում, պետք է անցկացնի ինֆորմացիոն արշավ, բարձրաձայնի այն մասին, որ չպետք է Հայաստանի դեմ ճնշումներ բանեցնել. «Հայաստանն ունի փոքր տնտեսական հնարավորություններ, և նրա դեմ թեկուզ փոքր սահմանափակումներ դնել ռուսասկան զենքի գնման մասով՝ անօգուտ է, և ամերիկյան հետաքրքրություններին չի համապատասխանում։ Ինչքան ես եմ հասկանում, ԱՄՆ-ի հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ շատ լուրջ են՝ փոխգործակցություն ՆԱՏՕ-ի հետ, փոխգործակցություն երկկողմ մակարդակում։ Բացի դրանից՝ Հայաստանը պայմանագիր է կնքել նաև ԵՄ-ի հետ, և այս պայմաններում Հայաստանի նկատմամբ ինչ-որ ճնշում բանեցնել, հատկապես՝ այն պարագայում, երբ նման ճնշում չի լինի Ադրբեջանի նկատմամբ, դա համարվում է փաստացի խոչընդոտ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։ Դա պետք է հասցնել մինչև Կոնգրես, ամերիկյան գործընկերներ։ Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ը անում է, չպետք է ուղիղ ազդեցություն ունենա Հայաստանի վրա, որը գտնվում է շրջափակման մեջ։ Միայն այդպիսի քաղաքականությունն ամբողջովին կհամընկնի Հայաստանի հետաքրքրությունների հետ»։
Դոնալդ Թրամփը, ըստ նրա՝ լավ ընդունակություն ունի՝ փչացնել հարաբերությունները բոլոր նրանց հետ, ում հետ հնարավոր է, ներառյալ՝ սեփական դաշնակիցները.
«Դրա համար պետք է Կոնգրեսի հետ աշխատանք տարվի, որպեսզի հասկանան, որ Հայաստանը, առաջին հերթին՝ յուրահատուկ պետություն է, որը չպետք է ընկնի ամերիկյան որևէ սանկցիայի տակ։ Երկրորդ՝ կարելի է խաղալ Թրամփի դեմ՝ բացատրելով, որ նրա նման քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ՝ քաղաքական մեկուսացման քաղաքականություն է։ Այսինքն՝ Թրամփը սեփական երկիրը տանում է քաղաքական մեկուսացման, նա արագացնում է սեփական պետության անկումը։ Այն ժամանակահատվածը, որն ունի ԱՄՆ-ը՝ իր լիդերության պահպանման փորձի համար, անընդհատ կրճատվում է։ 2025-30թթ. ԱՄՆ-ը կկորցնի վերոհսկողությունը գլոբալ փողերի վրա, և այդ ժամանակ ԱՄՆ-ի տնտեսությունը փաստացի կոչնչանա։ Այսինքն՝ նրանք ժամանակ չունեն նմանատիպ քաղաքականություն վարելու համար, քանի որ այդ ժամանակ կհայտնվի նոր գլոբալ ֆինանսական կենտրոն կամ մի քանի կենտրոններ, որոնք հիմա կազմավորվում են։ Սա օբյեկտիվ իրականությունն է, որի հետ ԱՄՆ-ը ոչինչ անել չի կարող»։
Ռուս փորձագետը նկատեց՝ եթե Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնեցնեն իրենց քայլերը, ապա ինքը ոչ մի լուրջ խնդիր չի տեսնում՝ Հայաստանի կողմից ռուսական զենքի գնման հարցում։
«Թրամփը՝ որպես բիզնեսում մեծ փորձ ունեցող մարդ, չի ցանկանում իր վրա որևէ պատասխանատվություն վերցնել, նա ուզում է պատասխանատվությունը գցել Կոնգրեսի վրա։ Նրանց տալիս է ՌԴ բոլոր կարևոր դեմքերի ցուցակը, սկսած՝ Դմիտրի Մեդվեդևից, որի հետ Օբաման իր կառավարման առաջին տարիներին քաղաքականություն էր վարում։ Սա է Թրամփի ռեալ քաղաքականությունը, դրա համար պետք չէ խառնել գույները և ասել, թե Հայաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում, որովհետև նա ռուսական զենք է գնում»,- ասաց նա։
Եվսեևը անդրադարձավ նաև ռուս-թուրքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ վերջին տարվա ընթացքում դրանք տատանվում են. «Եղել են շրջաններ, երբ դրանք վատթարացել են։ Ռուսաստանը Թուրքիային չի վստահել, չի վստահում և չի վստահի. այս հարցում դուք հանգիստ եղեք։ Մեր միջև վստահություն երբեք չի լինի, այլ հարց է, որ, եթե Թուրքիայի հետ չբանակցենք Սիրիայում, ստիպված կլինենք նրա հետ պատերազմել այնտեղ, ինչը չենք ուզում»։